Հուլիսի 5-ին Վրաստանի կառավարությունում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:

Հանդիպմանը ներկա էին Վրաստանի վարչապետի առաջին տեղակալ, Էկոնոմիկայի և
կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին, տարածաշրջանային զարգացման
և ենթակառուցվածքների նախարար Նոդար Ջավախիշվիլին և ավտոմոբիլային
ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Գիորգի Սետուրիձեն:

Նախարարը առաջնահերթ հետաքրքրվեց Լարսում իրականացվող աշխատանքներով:
Վրացական կողմը տեղեկացրեց, որ լայնածավալ աշխատանքներ են տարվում և արվում
է ամեն ինչ ճանապարհը տրանսպորտային բոլոր միջոցների համար օր առաջ բացելու
ուղղությամբ (մոտ 4-5 օրվա ընթացքում):

Հանդիպման ժամանակ քննարկվեցին հարցեր` կապված Վրաստանի տարանցիկ միջանցքի օգտագործման հետ, որն անհրաժեշտ է հայաստանյան բեռնափոխադրումների համար:

Նշվեց, որ պետք է զարգացնել այն միջազգային չափորոշիչներին համապատասխան,
ինչը առաջնահերթություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար:

Քննարկվեց նաև Եվրոպական տարանցիկ միջանցքի (Ե-60),
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս և Թբիլիսի-Բակուրցիխե-Լագոդեխի ուղղությունների
կարևորությունը:

Ե՛վ հայկական, և՛ վրացական կողմերը նշեցին, որ Հայաստանի
Հանրապետությունից բեռների փոխադրման արդյունավետ տարբերակ է Վրաստանի
տարածքով Ռուսթավի-Սադախլո և Թբիլիսի-Գեգուտի ուղղությունները, ինչպես նաև
Խաշուրի-Ախալցխա-Նինոծմինդայից դեպի Հայաստանի Հանրապետության սահման
ուղղությունը։