«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այս տարվա ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսում հնչած պայթյունի արդյունքում զոհված երկու անձանցից մեկը` Ռուբեն Բալյանը, իրավապահների կողմից փաստացի ճանաչվեց որպես տեղի ունեցած ողբերգության մեղավոր:

Նրա մայրը` Կլարա Ոսկանյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում որդու կյանքի վերաբերյալ ուշագրավ տվյալներ է հայտնել: Նա մասնավորապես պատմել է, որ տարիներ առաջ, երբ որդին անազատության մեջ է եղել, մտերիմ հարաբերություններ է հաստատել այն ժամանակ «Նուբարաշեն» ՔԿՀ, այժմ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանի հետ:

Ըստ կնոջ պատմածների՝ Արսեն Աֆրիկյանն իր որդուն խոստացել է տասը հազար դոլարի դիմաց Գերմանիա տեղափոխել: «Ես այլևս ոչ մի բանից չեմ վախենում, արդեն ամեն ինչ կորցրել եմ: Ու խնդիրը գումարները չեն, խնդիրը որդուս կյանքն է, որ խլեցին, նրան խելագարության հասցրին»,- պատմել է Կլարա Ոսկանյանը, ըստ որի` որդին պահանջված գումարի մի մասը մահից առաջ հասցրել է վճարել Աֆրիկյանին: Սակայն վերջինս մեզ հայտնեց, թե չի ճանաչում մորն ու որդուն»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: