Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թամրազյանների ընտանիքին` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ճանաչված բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի վաղաժամ մահվան կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Հրաչյա Թամրազյանը իր ողջ գործունեությունը նվիրեց հայ ժողովրդի մշակութային ժառանգության, մասնավորապես՝ միջնադարագիտության և նարեկացիագիտության ուսումնասիրմանը և արժանիորեն վաստակեց իր գործընկերների, ընթերցողների և ողջ մտավորականության հարգանքն ու համակրանքը:

Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին, մերձավորներին և անվանի մտավորականի գործընկերներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: