ՀՀ Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն օրերս լրագրողների՝ գրին քարտ ունենալու մասին հարցին պատասխանել էր, որ նա ոչ թե դիմել է ԱՄՆ դեսպանատուն գրին քարտի համար, այլ նրան դա շնորհել է ԱՄՆ կառավարությունը։

Անկեղծ ասած՝ մտա ԱՄՆ դեսպանատան կայք՝ գրին քարտ ստանալու հայեցակարգին մանրամասնորեն ծանոթանալու նպատակով, հետո փորփրեցի ամերիկյան պետական կառույցների կայքերը՝ հասկանալու համար, թե որ դեպքում և հանուն ինչի են գրին քարտ շնորհում մեկ այլ պետության քաղաքացու։

Դե, ինչպես և մտածում էի, Արմեն Ամիրյանը ստել է, հատկապես, որ այս մարդը որևէ առանձնակի գործ չի արել ԱՄՆ-ի համար, հանուն որի այս պետությունը երախտապարտորեն իրեն այնտեղ մշտական բնակության հնարավորություն շնորհեր։

Հետո մամուլում հայտնվում է մեկ այլ հրապարակում այն մասին, որ տարիներ առաջ մեր շատ ինտելեկտուալ, բայց իր ոլորտի թաքնված օլիգարխ Արմեն Ամիրյանն աներձագի միջոցով ԱՄՆ-ի Գլենդելի բլուրների վրա մի քանի հարյուր հազար դոլարանոց առանձնատուն է ձեռք բերել։

Իհարկե, կյանքն օվկիանոսից այն կողմ դասավորելը բոլորի իրավունքն է ու որոշումը, պարզապես մշտապես վատ եմ վերաբերվել իրենց բարեկեցիկ կյանքը դրսերում ապահովագրող, դասավորող, միշտ ճիշտ պահին երկրից թռնելու մտադրություն ունեցող, բայց ոչ մի պաշտոնից չհրաժարվողներին։

Արմինե Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից: