ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ է նշանակել։ Այս մասին որոշումը զետեղված է ՀՀ կառավարության gov.am կայքում։


«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Ատոմ Ջանջուղազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից»,–ասվում է որոշման մեջ։

Ատոմ Ջանջուղազյանի կենսագրությունը

Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնը ստանձնել է 1999թ. հուլիսի 9–ին:

Գլխավոր գանձապետի պաշտոնում աշխատանքի ընթացքում համակարգել է գանձապետական համակարգի փուլ առ փուլ ներդրումը և հետագա բարելավմանն ուղղված աշխատանքները:

Մինչ այդ` 1995-1999 թվականներին աշխատել է ֆինանսների նախարարությունում և նշանակալի մասնակցություն է ունեցել գանձապետական համակարգի ներդրման գործում: Նրա կողմից մշակվել է գանձապետարանի գործունեության նախադրյալներ ապահովող ՀՀ պետական և համայնքների բյուջեների դրամարկղային կատարման, հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վերաբերյալ» հրահանգը, որով նախատեսված գանձապետական գործառնությունների ղեկավարման համակարգը ներդրվել է Հայաստանի գանձապետարանում. արդյունքում պետական և համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի դրամարկղային գործառնությունների հաշվառումը բանկային համակարգից տեղափոխվել է գանձապետարան:

1995-1999թթ.. Ատոմ Ջանջուղազյանը զբաղեցրել է հետևյալ պաշտոնները`

1995 թվականի օգոստոսից` համակարգչային վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ,

1996 թվականի մայիսին նշանակվել է դրամարկղային կառավարման վարչության հանրապետական բյուջեի դրամարկղային կառավարման բաժնի պետի պաշտոնում,
1996 թվականի օգոստոսից մինչ 1999 թվականի մարտ ամիսը աշխատել է որպես հաշվապահության վարչության պետ,

1999 թվականի մարտին նշանակվել է տնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետի պաշտոնում, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչ 1999 թվականի հուլիս ամիսը:


1993-1995 թվականներին համատեղությամբ դասավանդել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, 2007-2009 թվականներին` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, 2007-2010 թվականներին` Հայաստանի կառավարման ակադեմիայում:


Իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1991 թվականին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համակարգում:


1991 թվականի հոկտեմբերից եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Հայկական պլանավորման և կառավարման ավտոմատացված համակարգերի (ՀայՊԿԱՀ) ԳՀԻ տեխնիկ, ապա 1992 թվականի հուլիսից` ինժեներ-ծրագրավորող: 1993 թվականի սեպտեմբերին տեղափոխման կարգով նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինֆորմացիոն համակարգերի բաժնում` սզկբում որպես առաջին կարգի, հետո՝ առաջատար, իսկ այնուհետև՝ գլխավոր մասնագետ:

1992-1995 թվականների ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքի ընթացքում նախագծել ու մշակել է կապիտալ շինարարության և սեփականաշնորհման օբյեկտների, ձեռնարկատիրական գործունեության, արտահանման համար տրամադրվող լիցենզիաների, ինչպես նաև մի շարք այլ խնդիրների հետ կապված գործառույթների կանոնակարգման նպատակով տվյալների բազաների կառավարման ավտոմատացված համակարգերի առանձին ենթահամակարգեր, որոնք ներդրվել և կիրառվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում:

2005 նոյեմբերի 23-ին նշանակվել և 2010 թվականի դեկտեմբերի 12-ին վերանշանակվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կազմում որպես հիմնադրի ներկայացուցիչ:

1987-1992 թվականներին սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան կարմիր դրոշի շքանակակիր պոլիտեխնիկական ինստիտուտում (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), իսկ 1993-1995 թվականներին` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտական դպրոցի մագիստրատուրա, այնուհետև 1995-1997 թվականներին ուսանել է նույն բուհի ասպիրանտուրայում:

Տեխնիկական գիտությունների թեկնածու է, հեղինակել է մի շարք հոդվածներ, միջազգային համաժողովներում զեկույցներ և մեկ մենագրություն: Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով և խրախուսվել է վարչապետի շնորհակալագրով:

Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի: