Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին` ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Հարգարժա՛ն Օլեգ Եսայի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ, հիշարժան հոբելյան, որը լավ հնարավորություն է արժևորելու Ձեր անցած ուղին:

Դուք վաստակել եք այդ իրավունքը` ամենադժվարին պահերին միշտ լինելով հարազատ ժողովրդի կողքին և անմնացորդ ծառայելով մեր ազգային նպատակների իրականացման հայրենանվեր գործին:

Զբաղեցնելով բարձր ու պատասխանատու պաշտոններ Արցախում և Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ որպես ԼՂՀ առաջին վարչապետ, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ` քաղաքական և պետական գործչի Ձեր գիտելիքներն ու փորձն ի նպաստ եք բերել մեր նորանկախ հանրապետության կայացմանն ու զարգացմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք»: