Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում ընդունվեց կուսակցության բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` բանաձևը ներկայացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«ՀՀԿ-ն շարունակում է հետևողական աշխատանքով, քայլ առ քայլ ամրապնդել կուսակցական բարդ և բազմաշերտ համակարգը: Շարունակական ջանքեր են ներդրվում կուսակցական մեխանիզմի արդյունավետության բարձրացման և արդիականացման ուղղությամբ»,-ներկայացնելով բանաձևն՝ ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ ավելացել է կուսակցության սկզբնական կազմակերպությունների քանակը, ընդարձակվել են կուսակցության կապերն արտաքին աշխարհում, հիմնադրվել է և իր գործունեությունն է սկսել Անդրանիկ Մարգարյանի անունը կրող Հայաստանում առաջին կուսակցական-քաղաքական դպրոցը:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով` 2016-2018 թվականները լինելու են խիստ կարևոր ՀՀ սահմանադրության անցումային դրույթները արդյունավետորեն կյանքի կոչելու տեսանկյունից: Հանրապետականը պատրաստ է հստակ առաքելություն ստանձնել այս անցումային շրջանում, որպեսզի այն լինի հնարավորինս կայուն, սահուն և անցնցում:

«Մեզ հաջողվել է զարգացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք զսպանակի նման աշխատելով կարողանում են լրջորեն մեղմել արտաքին աշխարհից եկող ուժեղ բացասական ազդակները և չթողնել, որ դրանք վատթարացնեն մարդկանց և ընտանիքների կյանքը: Վերանայելով մեր առաջնահերթությունները, սահմանափակելով ծախսերն ու ընդունելով պահպանողական բյուջե՝ կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացնել արտահանումը, հիմք դնել տնտեսական կայուն աճին»,-ասաց նա:

Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ Հայաստանը միջազգային հարաբերություններում շարունակում է հանդես գալ որպես պատասխանատու, հավասարակշռված, կանխատեսելի և վստահելի երկիր:

«Մեր արտաքին քաղաքականութան նպատակն ու միջազգային հարաբերություններում մեր ներգրավվածության բանաձևը մեր գործընկերների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումն է, աշխարհում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը»,-ասաց նա՝ հավելելով, որ կուսակցության դիրքորոշումն անփոփոխ է. ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ :

«Այսօր ՀՀ ԶՈՒ ռազմատեխնիկական տեխնոլոգիական և կադրային արդիականացման միջոցով մենք ձևավորում ենք ժամանակակից բանակ: Վերջին շրջանում արդեն իսկ լրջորեն փոխվել է մեր բանակի դիմագիծն ու զինանոցը: Վստահ եղեք, որ մեր բանակի արդիականացման համար մենք ոչինչ չենք խնայելու: Մեր համընդհանուր նպատակադրումը հստակ է. Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացում և առաջ գնացող Հայաստանի շուրջ համայն հայության միավորում»,- ասաց Աշոտյանը:

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Հանրապետական կուսակցությունը համագործակցության համար բաց է բոլոր շահագրգիռ ու հայրենասեր ուժերի և անհատների համար և պատրաստ է աշխատել յուրաքանչյուրի հետ, ով ցանկանում է քարը դնել քարի վրա` մեր ընդհանուր տունը շենացնելու համար:

«Համախմբելով մեր ժողովրդի մարդկային ներուժը և ինտելեկտուալ կարողությունները՝ մենք միասին ենք հաղթահարելու առկա դժվարությունները, որպեսզի հաղթեն հայն ու Հայաստանը: Հայաստանը հաղթելու է»,-խոսքն ավարտեց Արմեն Աշոտյանը: