Yelaket.am-ը գրում է.

Միանշանակ սա մոլորեցնող գովազդ է և անբարեխիղճ հակամրցակցային գործունեություն: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեցին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ից՝ անդրադառնալով Ucom կապի օպերատորի կողմից առաջարկվող U!TV Select ծառայությանը:
Մասնավորապես, ծառայությամբ առաջարկվում է. «... U!TV Select փաթեթի հետ Դուք ստանում եք 42+10HD հիմնական հեռուստաալիքներ և հնարավորություն ընտրելու հավելյալ ալիքներ, որոնց ամսավճարը կազմում է 80-1200 դրամ: Ընտրված ալիքների գումարային արժեքը պետք է կազմի առնվազն 1500 դրամ»:

Սակայն, ծառայությունից օգտվելու ցանկություն հայտնած սպառողները այլ պատասխան են ստանում: Պարզվում է, որ հավելյալ 1500 դրամ արժողությամբ հեռուստաալիքների ձեռքբերումը պարտադիր է: Ստացվում է՝ ծառայությունն արժե ոչ թե 2500 դրամ, այլ 4000 դրամ:

«Միանշանակ սա մոլորեցնող գովազդ է և անբարեխիղճ հակամրցակցային գործունեություն: Սրանով առաջին հերթին պետք է զբաղվի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Ոչ միայն պարտադիր բառը չկա, ավելին գրված է՝ «ձեր ընտրությամբ», «դուք կարող եք ընտրել» ու նշված չէ «պետք է ընտրի» արտահայտությունը: Սա միանշանակ խնդիր է, քանի որ իրենք իրավունք չունեն նման գովազդ տալու: Ընկերությունը պետք է պատժվի հակամրցակցային գործունեության համար»,- մանրամասնեց նա:
Պետական կառույցի արձագանքի մասին կտեղեկացնենք շուտով, իսկ այժմ հորդորում ենք լինել ուշադիր և չտրվել Ucom կապի օպերատորի մոլորեցնող քաղաքականությանը:
Բացի վերոնշյալը, Ucom կապի օպերատորի ծառայությունների դժգոհությունները օրեցոր շատանում են: Սպառողները բողոքում են, բայց ընկերությունը շարունակում է կիրառել նույն գործելաոճը: