Yelaket.am-ը գրում է.

Ոչ-ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում, հատկապես, նախընտրական շրջաններում, ի սպառ բացակայում է գաղափարական հենքի վրա մրցակցությունը, ավելին՝ իշխանական ճամբարում ու նրան հպատակ ուժերի շրջանակներում գործում են միմյանց տակը փորելու գողական մեթոդները. դրա լավագույն օրինակը Կոտայքի մարզում սպասվող նախընտրական զարգացումներն են:

Խոսակցություններ են պտտվում, որ մարզի փաստացի տեր-տիրակալ Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու ու ընտրական դաշինք ստեղծելուց հետո, ՀՀԿ-ն, գիտակցելով պահի լրջությունը, որոշում է կայացրել ԲՀԿ նախկին առաջնորդի դեմ կիրառել հակամրցակցային զազրելի մեթոդներից մեկը՝ գործին խառնել վերջինիս հարազատներին՝ իշխող կուսակցությունը՝ նախընտրական շտաբի համակարգողի դերը կարող է վստահել ո՛չ ավել, ո՛չ պակաս Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին՝ Ծառուկյանի փեսային:

Այդ առնչությամբ «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում նախնական որոշում կա, որ Կոտայքի մարզում ՀՀԿ նախընտրական շտաբը համակարգի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան», - պարբերականը մեջբերում է ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանի խոսքերը, ով,սակայն ոչ հաստատել, ոչ էլ հերքել է ասեկոսեները:

Թադևոսյանը ավելացրել է նաև, որ քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել: Դասական առումով՝ այո՛: Սակայն դա չի կարող վերաբերվել հանրապետության ավտորիտար, գողական բարքերով հայտնի քաղաքական դաշտին, իսկ Գուլոյանին ՀՀԿ շտաբում ընդգրկելու իշխանության հավանական որոշումը փաստում է միայն մի բան՝ էլիտան իսկապես մտավախություն ունի, որ Ծառուկյան դաշինքի պատճառով ապրիլի 2-ին կարող է կորցնել առաջատարի դիրքերը, բայց ոչ մի դեպքում չի խոստովանի դա: