Ես միշտ եմ եղել ժողովրդի հետ, ինձ համար զինվորն ու ՀՀ քաղաքացին մանավանդ սահմանամերձ բնակավայրում ապրողը, նույն հարթության վրա են: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Բերդի բնակիչները հարց ուղղեցին Սեյրան Օհանյանին, թե ինչո՞ւ նա այսքան ուշ որոշեց միանալ ժողովրդին, ինչին նա պատասխանեց. «Ես լինելով Կառավարության մեջ երկար եմ մտածել համապատասխան որոշում ընդունելու համար, բայց վերջին տարիների լարվածությունը ստիպել է լինել այս պաշտոնում, այսինքն 2014, 2015, 2016թթ.-ին: Հարցնում եք՝ ինչու որոշեցիք այսքան ուշ լինել ժողովրդի հետ, ես միշտ եմ եղել ժողովրդի հետ, ինձ համար զինվորն ու ՀՀ քաղաքացին մանավանդ սահմանամերձ բնակավայրում ապրողը, նույն հարթության վրա են: Ես լուրջ աշխատանք եմ կատարել քաղաքացիական վերահսկողություն կատարելու համար:

Ես ներսից տեսել եմ բոլոր թերությունները, զգացել եմ այն ցավը, որը զգում է ժողովուրդն այս տարիների ընթացքում եւ նոր կառավարության ձեւավորման ընթացքում հանգիստ հրաժեշտ եմ տվել նախկին պաշտոնին, նաեւ հրաժարվել եմ նոր առաջարկներից, այսինքն որոշումս եղել է ժամանակին»: