Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հարցումների արդյունքներով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության աշխատանքը հարցվածների 46 տոկոսը գնահատում է դրական, և միայն 5 տոկոսն է բացասական գնահատում գործադիր մարմնի աշխատանքը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց կենտրոնի տնօրեն Վալերի Ֆյոդորովը:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը հարցումն անցկացրել է մարզերում և մայրաքաղաքում՝ 1600 բնակչի շրջանում, և կիրառվել է դեմ առ դեմ հարցման մեթոդը:

Հարցվածների մեծամասնությունը տարվա իրադարձություն է համարում կառավարության փոփոխությունը և դրական է գնահատում նոր կառավարության կատարած փոփոխությունները գործադիր մարմնի կազմում:

Հարցվածների 45 տոկոսը դժգոհում է գործազրկությունից, աշխատատեղերի բացակայությունից, 22 տոկոսը՝ ավտոճանապարհներից, 13- տոկոսը՝ աղքատությունից, 7 տոկոսը՝ ցածր աշխատավարձերից ու թոշակներից, 5 տոկոսը՝ արտագաղթից:

Ռուսաստանցի սոցիոլոգը նաև նշեց, որ հարցվածների 71 տոկոսը պարբերաբար հետևում է քաղաքական գործընթացներին, ինչը հետխորհրդային երկրների համեմատությամբ բավական բարձր ցուցանիշ է:

Հարցվածները նաև պատասխանել են այն հարցին, թե գո՞հ են արդյոք երկրում տիրող իրավիճակից: Ըստ այդմ՝ 52 տոկոսն ասել է, որ գոհ է, 26 տոկոսը բավարար չի գնահատել, և միայն 2 տոկոսն է գոհունակություն հայտնել:

Կենտրոնը անցկացրել է նաև հարցում, թե առաջադրված քաղաքական 9 ուժերից որին ձայն կտա հանրությունը:

Ըստ հարցման՝ ընտրություններին մասնակցող 9 քաղաքական կուսակցություններից և կուսակցությունների դաշինքից առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է:

Հարցվողների 26 տոկոսը, պատասխանելով հարցին, թե առաջադրված քաղաքական ուժերից ում ձայն կտա ընտրություններին, եթե դրանք անցկացվեն առաջիկա կիրակի, պատասխանել է՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժին։ Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը 19 տոկոսը կտա իր ձայնը, «Ելք» դաշինքին՝ 3 տոկոսը, ՀՅԴ-ին՝ նույնքան, տոկոսը, ՀՎԿ-ին՝ 2-ը։ Մնացած քաղաքական ուժերին՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին, Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը, «Օհանյան -Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին իր ձայնը կտա հարցվածների 1-ական տոկոսը:

Ըստ որում, 25 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին, թե ում ձայն կտա, իսկ 13 տոկոսն էլ ասել է, որ գիտի՝ ում է տալու, բայց հարցմանը չի ասել:

Քաղաքացիները պատասխանել են նաև այն հարցին, թե քաղաքացիները առաջադրված քաղաքական ուժերից որին են ամենաշատը նկատում և որի քարոզչությունն են տեսել ու հավանում:

«Ծառուկյան» դաշինքին նկատել է հարցվածների 48 տոկոսը, իսկ 40 տոկոսը հավանել է նրանց քարոզչական աշխատանքը, ՀՀԿ-ին նկատել է 44 տոկոսը, 19 տոկոսը հավանել է նրանց քարոզչական աշխատանքը։

«Կոնգրես-ՀԺԿ-ին 14 տոկոսն է նկատել, իսկ 11 տոկոսը հավանել է քարոզչական նյութերը, Ելք-ին նկատել է 13 տոկոսը և 11 տոկոսը հավանել, ՀՅԴ-ին 7 տոկոսը նկատել է և հավանել՝ 8 տոկոսը, ՕՐՕ դաշինքին 7 տոկոսը նկատել է, հավանել՝ 9 տոկոսը, կոմունիստներին նկատել է 2 տոկոսը, հավանել է 3 տոկոսը: