«Մեր գործընկերները Բաքվում պետք է վերջապես հասկանան, որ Հայաստանը և (ԵԱՀԿ Մինսկի խմբի) համանախագահ երկրները նույն լեզվով են խոսում. քաղաքակիրթ աշխարհում բանակցություններին այլընտրանք չկա, պատերազմը խնդիրներ կարգավորելու ճանապարհ չէ և միայն երկխոսությամբ է հնարավոր հասնել խաղաղության, այլ ոչ վերջնագրերով»: Այս մասին ռուսաստանյան «Իզվեստիա» թերթում այսօր հրապարակված իր «Անվտանգություն և կայուն ժողովրդավարական զարգացում» վերնագրով հոդվածը գրել է նախագահ Սերժ Սարգսյանը, ով համապարփակ անդրադարձել է անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և ձեռքբերումներին՝ հատուկ շեշտադրելով ուժեղ և կայացած բանակի ստեղծումը, գործարարության և ներդրումների համար ստեղծված և շարունակաբար կատարելագործվող միջավայրը, Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը և դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաև արցախյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, որտեղ «Հայաստանը և համանախագահները խոսում են նույն լեզվով»:

«Հանդիսանալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգության երաշխավորը՝ Հայաստանը շարունակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում իր հետևողական և կառուցողական ջանքերը հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհներ գտնելու ուղղությամբ», - գրել է նախագահ Սարգսյանը:


Հանրապետության ղեկավարը փաստել է, որ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի սանձազերծումը Ադրբեջանի կողմից «նշանակալի վնաս» է հասցրել բանակցային գործընթացին և կողմերի միջև վստահության մթնոլորտ ստեղծելու ջանքերին: «2017թ փետրվարի 24-25-ի գիշերը շփման գծի երկայնքով իրավիճակի սրացումը» հերթական անգամ ցույց է տալիս, որ 2016թ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածությունները հրադադարի ռեժիմի վերահսկողության մեխանիզմներ ներդնելու հետ կապված շարունակում են մնալ արդիական: