«Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Մանուկյանը երգիչ Ռազմիկ Ամյանի վաստակավոր արտիստի պատվավոր կոչում ստանալու հանգամանքը նորմալ է գնահատում. «Եթե այդքան ենք հասկանում, այդքան ենք ընդունում, ուրեմն նորմալ է: Ես ոչ մեկի հանդեպ ոչ մի խնդիր չունեմ: Արմենչիկին էլ, Ռազմիկ Ամյանին էլ, մյուսներին էլ, տեսնում եմ որպես միայն անձ, մնում է հասկանալ՝ առողջ կամ հիվանդ հասկացողությունը: Այդ պարգեւատրումների մասով էլ կարելի է մտածել, թե առողջին ինչպես եւ հիվանդին ինչպես վերաբերվենք: Եթե պետության, ազգի մասին ենք մտածում, բայց մեր հիվանդներին ենք առաջ տանում, էլ ումի՞ց դժգոհենք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նշենք, որ Հանրապետության տոնի առթիվ, մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար բանահավաք, երգիչ, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Մանուկյանն եւս պարգեւատրվել է Երախտագիտության մեդալով: