ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը վերջերս ավետեց, որ վերջապես էջ է բացել Ֆեյսբուքում: Ավելին, նա սկսել է լայվ մտնել, եւ դատելով ակտիվությունից, դա նրան դուր է եկել: Ակտիվ գրառումներ են անում ու լայվ մտնում նաեւ ՀՀԿ ցուցակի «քաղաքականները»՝ Արմեն Աշոտյանը, Արփինե Հովհաննիսյանը, Վիգեն Սարգսյանը:

ՀՀԿ քարոզչական մարտավարությունը բավական պարզ է՝ մի կողմից հրամցնել իրենց «փորձը, գիտելիքներն ու միջազգային կապերը», մյուս կողմից՝ որ միակ ընդդիմությունը իրենք են: Այսպես հիմնավորվում է ՀՀԿ-ի անհրաժեշտությունը Հայաստանի քաղաքական դաշտում:

Երկրորդ ուղղությունը ապոկալիպտիկ իրականություն ներկայացնելն է Ղարաբաղը հանձնելու, ընտանիքի ու եկեղեցու հիմքերը խարխլելու, միջազգային դիրքերի թուլացման, տնտեսական աղետի եւ այլնի տեսքով:

«Գաղափարական» մի քանի թեզեր են շրջանառվում, որոնցից մեկն այն է, որ ովքեր դժգոհ են Նիկոլ Փաշինյանից, պետք է քվեարկեն ՀՀԿ-ի օգտին, քանի որ միայն իրենք են քննադատում կառավարությանը, իսկ մյուսները չեն քննադատում, «գրպանային ընդդիմություն» են:

Այսպիսով, ՀՀԿ-ն փորձում է «փակել» մյուս քաղաքական ուժերին եւ դաշտը հանգեցնել «սեւի ու սպիտակի», ըստ որի կան միայն իշխող կուսակցությունը եւ ՀՀԿ-ն: Ըստ մտահղացման, մյուսները եթե սկսեն քննադատել՝ կնույնացվեն ՀՀԿ-ի հետ, եթե չքննադատեն՝ կստացվի, որ միակ ընդդիմությունը ՀՀԿ-ն է:

Թվում է՝ ծուղակ է մյուս ուժերի համար, միեւնույն ժամանակ, նկատելի է, որ այս սխեման ՀՀԿ-ն փորձում է կառավարությանը ներկայացնել որպես ծառայություն ներկայում եւ ապագա խորհրդարանում: Ենթադրվում է, որ ՀՀԿ-ով այլընտրանքը ձեռնտու է կառավարությանը, որն իր ծրագրերը կարող է ավելի հեշտ իրականացնել հենց դիմակայության ռեժիմում եւ կարող է իր ձախողումները բարդել հենց այդ կուսակցության վրա:

Չի՞ ստացվում այս դեպքում, որ «գրպանային ընդդիմությունը» հենց ՀՀԿ-ն է:

ՀՀԿ-ի այս մարտավարությունը գուցե բնական կլիներ նախընտրական տրամաբանության շրջանակում, սակայն կա մի հիմնարար խնդիր՝ այն կառուցվում է «վնասակարության» վրա՝ թե հանրության, թե քաղաքական ուժերի հանդեպ: Ընդ որում, այս միտումը գնալով ուժեղանում է: Բավական է հետեւել ՀՀԿ-ականների գրառումների «էվոկյուցիային». քաղաքական բովանդակություն ու առաջարկ ըստ էության չկա, փոխարենը տարածվում են ապատեղեկատվություն, շանտաժ ու մանիպուլյացիաներ:

ՀՀԿ-ի սխեման այլ բան չի էլ ենթադրում, ավելի ճիշտ՝ այն անհնար է իրագործել առանց ապատեղեկատվության ու մանիպուլյացիաների, որոնք վերաբերվում են ներքին ու արտաքին քաղաքականությանը:

Չի բացառվում իհարկե, որ ՀՀԿ-ականները չեն գիտակցում խորքային խնդիրները, որոնք էլ կարող էին դրվել կառավարության հանդեպ լուրջ քննադատության հիմքում, ինչի տեղիք լիուլի տվել է կառավարությունը: Բայց դա ոչ միայն չի փոխում իրավիճակը, այլեւ ավելին՝ ջրում է այն թեզը, թե իրենք ունեն ինտելեկտուալ թիմ, գիտելիքներ ու փորձ: Նման արժանիքներ ունեցողները չէին «ջրիկանա» ցանցերում, այլ օգտվելով ներկայիս բարենպաստ իրավիճակից՝ կկառուցեին քաղաքական լուրջ ու արդիական սխեմաներ՝ քաղաքական դաշտում ապագայում լուրջ հայտով:

Մինչ այդ, ՀՀԿ-ից առաջինն ու միակը առայժմ Շմայսն է հասկացել, որ Հայաստանն արդեն այլ իրականության մեջ է:

Նյութի աղբյուրը՝ lragir.am