Հրաշալի է, որ մեր քաղաքում կազմակերպվում են միջոցառումներ, որոնք անմահացնում են մեր մշակույթը, իսկ արվեստի սիրահարներին հավաքում մեկ տեղ։

Սեպտեմբերի 30-ին «Պոեզիայի պուրակում» հավաքվել էին հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի գրական ժառանգության երկրպագուները: Կենտրոն վարչական շրջանի և Հայաստանի գրողների միության համագործակցությամբ Ավ. Իսահակյանի 140-ամյակին նվիրված կազմակերպվել էր գրական ցերեկույթ' «Կարդում են հայ գրողները» խորագրով:

Գրական ցերեկույթի ընթացքում մերօրյա հայտնի գրողների և բանաստեղծների՝ Լիպարիտ Սարգսյանի, Սուրեն Մուրադյանի, Ղուկաս Սիրունյանի, Անուշ Վարդանյանի, Երվանդ Պետրոսյանի, Լևոն Բլբուլյանի, Շանթ Մկրտչյանի, Նանեի, Բագրատ Ալեքյանի, Սամվել Մարգարյանի և այլոց կողմից ընթերցվել են Իսահակյանի բանասատեղծությունները, հիմանվորվել ընտրված ստեղծագործությունների բովանդակությունն ու արդիականությունը:
Ցերեկույթին ելույթ են ունեցել նաև Ավ. Իսահակյանի անվան հ.16, Հովհ. Թումանյանի անվան հ.32, Եղ. Չարենցի անվան հ.67, Վ.Տերյանի անվան հ.60 և Ա. Մարգարյանի անվան հ.29 դպրոցների սաները՝ հնչեցնելով բանաստեղծի սիրելի տողերն ու բանաստեղծությունները:

Միջոցառմանը ներկա էին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողների միության անդամներ, երկրպագուներ: Միջոցառումն ուղեկցվել է գինու հյուրասիրությամբ: