Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում փետրվարի 16-ին Հայաստանը կունենա մեկ մասնակից: Պայքարի մեջ կմտնի Եվրոպայի չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ):

81 կգ քաշային կարգում մեդալի համար կպայքարի 11 ծանրորդ: Ռաֆիկ Հարությունյանի նախնական հայտը երկամարտում 350 կգ է: Այս քաշային կարգում Ֆավորիտներից է իտալացի Օսկար Մարտինես Ռեյեսը, որի նախնական հայտը 355 կգ է:

Անցած տարի Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 337 կգ արդյունքով նվաճել էր բրոնզե մեդալ (150+187): 2022 թվականին 354 կգ արդյունքով հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն (160+194):

Ռաֆիկ Հարությունյանը Մ23 Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր:

81 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00ին:

Տղամարդկանց հավաքականի կազմում են նաեւ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Հակոբ Մկրտչյան (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Պետրոս Պետրոսյան (109 կգ), Վարազդատ Լալայան (+109 կգ), Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ): Պահեստայիններ՝ Գառնիկ Չալոյանը (61 կգ) եւ Արա Աղանյանը (96 կգ):

Կանանց հավաքականում մրցահարթակ դուրս կգան Տաթեւ Հակոբյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):