Այսօր՝ նոյեմբերի 26-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:55-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է:
Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ:

ժամանել է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:

Ահազանգով հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչութան պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Հրազդան քաղաքի «Կենտրոն» թաղամասի 43 շենքի բնակիչ, 66-ամյա Լևոն Չուլջյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել իրենց տանից:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի տարբեր մասերում կա սուր կտրող-ծակող առարկայից ստացած 6 հարված:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Նյութի աղբյուրը՝ shamshyan.com