Մոտ կես ժամ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն-Վրաստանի սահման ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի տարածքում, կրկին պայթել է Վանաձոր քաղաքին եւ մի շարք համայնքներ սնուցող Նովոսելցովո ջրատարը:
ՀԺ-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ վթարի հետեւանքով ջրի ճնշումը պոկել, քշել է միջպետական ճանապարհի ասֆալտի մի հատված՝ ճանապարհը դարձնելով միակողմանի:
Տեղում այս պահին աշխատում են «Վեոլիա ջուր» ընկերության վթարավերականգնողական խմբերը, Ճանապարհային ոստիկանությունը, փրկարարներ: «Վեոլիա ջուր» ընկերության Լոռի տեղամասի պետ Ալեքսանդր Բաղդասարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ արդեն իսկ ջրանջատում է իրականացվել վթարը վերականգնելու նպատակով: Թե որն է վթարի պատճառը, պարզ կլինի ուսումնասիրություններից հետո:
Միջպետական ճանապարհն այս փակվել է բեռնատարներ համար: Նկատենք, որ վերջին օրերին սա 2-րդ լուրջ վթարն է տվյալ ջրատարի վրա, ինչի հետեւանքով լուրջ վնաս է կրում վերջերս կապիտալ նորոգված Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը:
Նյութի աղբյուրը՝ armtimes.com