«Դեռ չեմ դիմել իրավապահներին և մտածում եմ նրանց չծանրաբեռնելու համար ուղղակի 10 000 դրամ փոխանցեմ կորանավիրուսի դեմ պայքարի պետական հաշվեհամարին»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով երեկ արված հայտարարությանը, թե օրենքը բոլորի համար է, և ինքը պատրաստվում է դիմել ոստիկանություն, որպեզի տուգանվի դիմակ չկրելու համար:

Հարցին՝ քաղաքացու կողմից արված հրապարակումից հետո՞ էր որոշել արձագանքել, թե մինչ այդ էր նկատել, որ կանոն է խախտել․ «Ես չէի հիշում, որ դիմակ չէի դրել, քաղաքացին գրել էր, որ աշխատասենյակից առանց դիմակ եմ դուրս եկել և մոտեցել մեքենայիս։ Փորձեցի հիշել և հասկացա, որ աշխատասենյակից եմ առանց դիմակ դուրս եկել, մարդ եմ մոռացել եմ։ Հասկացա, որ քաղաքացին ճիշտ է ասում։ Իհարկե, նա կարող էր ինձ տեղում ասել, որպեսզի սխալս ուղղեմ, բայց նախընտրել էր հրապարակել, ինչը իր իրավունքն է։ Ես իհարկե կարող էի բերել հակափաստարկ, որ ընդամենը 30 մետր եմ քայլել ու ոչ ոքի հետ չեմ շփվել, բայց որպես հանրային գործիչ, որը խիստ պահանջում է հետևել հակահամաճարակային կանոններին, ինձ թվում է՝ նախ ինքս պետք է անբիծ պահվածք ցուցաբերեմ։ Հետո չասեն՝ Դանիել, դու այնինչ օրը դիմակ չես կրել և չես տուգանվել։ Չշահարկելու համար որոշեցի 10 000 դրամ պետությանը վճարել, որպեսզի որևէ մեկի մոտ հարց չառաջանա»,- նշեց նա։