Change.org-ում ստորագրահավաք է «Մարգարիʹտա, փոխիʹր ազգանունդ» պահանջով: Ստորագրահավաքին միացել է մոտ 8000 քաղաքացի։

«Հաշվի առնելով, որ Մարգարիտա Սիմոնյանը իր հայկական արմատների մասին հիշում և դրանց մասին հիշատակումն օգտագործում է բացառապես այն դեպքերում, երբ փորձում է վնասել Հայաստանի շահերին, պահանջում ենք նրան փոխել ազգանունը (հեռացնել «յան»-ը) և այլևս երբեք չփորձել ասոցացվել Հայաստանի և հայերի հետ։ Մեզ համար մեր երկրի և ժողովրդի իմիջը կարևոր է, իսկ Մարգարիտա Սիմոնյանը ակնհայտորեն փչացնում է այն»,- ասվում է ստորագրահավաքի տեքստում:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Մարգարիտա Սիմոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և դիմել ՀՀ իշխանություններին։

Սիմոնյանի խոսքով՝ վերջին տարիների վերաբերմունքից հետո արդյոք Հայաստանի իշխանությունները իրավունք չունեն օգնություն սպասել Ռուսաստանից՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող սրացման հարցով։

«Փաստորեն, ձեր արած ամեն ինչից հետո Ռուսաստանը բարոյական իրավունք ունի թքել ձեզ վրա, բայց նա այդպես չի վարվի։ Կօգնի նաև այս անգամ։ Քանի որ Ռուսաստանն այդպիսին է»,-նշել է նա։

Նշենք սակայն, որ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես օգնություն չեն խնդրել ոչ Ռուսաստանից, ոչ այլ երկրներից։

Հուլիսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ և վերոնշյալի վերաբերյալ հայտնել հետևյալը․

«․․․Եվ այնպես ստացվեց, որ մեր հանդիպումը համընկնում է հայ-ադրբեջանական սահմանում լարվածության աճի հետ: Ես հույս ունեմ` Դուք տեղեկացված եք, որ դեռևս հայտնի չէ ինչպես և ինչու, բայց ադրբեջանական զորքերը որոշել են գնդակոծել Հայաստանի սահմանը: Ես տեղեկություններ կփոխանցեմ Ձեզ այդ իրադարձության և ընթացիկ իրավիճակի մասին: Ցանկանում եմ ընդգծել, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին և դա դեռ պետք է հասկանալ ո՞վ, ինչո՞ւմ և ինչո՞ւ է հետաքրքրված: Կարծում եմ` սա նույնպես շատ կարևոր թեմա է և մենք այսօր կքննարկենք նաև այդ հարցը»,-նշել է Փաշինյանը:

Նյութի աղբյուրը՝ Իրավաբան.net