Lragfir.am-ը գրում է. Ադրբեջանական պրոպագանդան անթաքույց ոգեւորությամբ արձանագրում է ամերիկյան տնտեսության մոտ 30 տոկոս անկումը: Ադրբեջանական պրոպագանդայի վատ քողարկված ոգեւորությունը նկատելի է նաեւ ԱՄՆ-ում այսպես ասած «սեւ ապստամբության» առիթով, որոնք ներքին խնդիրներ են սրել այդ երկրում:


Ադրբեջանական ոգեւորությունը միանգամայն հասկանալի է: Ադրբեջանը ամերիկյան քաղաքականության հեռանկարում հայտնվել է «դեւալվացիոն գծի» վրա, ինչի պատճառները աշխարհ-տնտեսական եւ աշխարհ-քաղաքական հարթությունում են: Դեպի հեռավոր արեւելք ճանապարհ դիտարկվող Ադրբեջանը, ինչպես նաեւ Կասպիցի ավազանից դեպի Եվրոպա էներգակիրների ուղի դիտարկվող Ադրբեջանը երկու առումով էլ գտնվում է ԱՄՆ համար արդիականությունը կորցնողի վիճակում:


Դա բավականին նշմարելի է այն տեքստերի բովանդակությունից, որ ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը հղում էին Ադրբեջանի իշխանությանն այս կամ այն շնորհավորական առիթով: ԱՄՆ-ից դժգոհ է նաեւ Թուրքիան, որն այդ դժգոհությունն արտահայտում է, իհարկե, ավելի քաղաքական մակարդակում: Մասնավորապես, այդ երկրի պաշտպանության նախարարը օրերս հայտարարել էր, թե ԱՄՆ-ը պետք է գիտակցի Թուրքիայի կարեւորությունը Կովկասի ճակատագրի հարցում:

Դա նշանակում է, որ Անկարան տեսնում է Վաշինգտոնի ռազմավարությունում Թուրքիայի կարեւորության անկում: Թեեւ դա տեսանելի է իհարկե ոչ միայն Անկարայից, եւ ամենեւին ոչ այժմ: Այդուհանդերձ, Ադրբեջանն ու Թուրքիան Տավուշի իրադարձություններից հետո ավելի բացահայտ են դժգոհում ԱՄՆ ուշադրության պակասից:

Պատճառը թերեւս այն է, որ տեղի է ունեցել շրջադարձ, Տավուշը լոկալ բախում էր, սակայն շրջադարձային կետում, որից ծավալվում է ռեգիոնալ նոր ռազմնա-քաղաքական իրավիճակ: Ահա այդտեղ Միացյալ Նահանգների դիրքավորումը բավականին կոնկրետ եւ շոշափելի էր: Հուլիսի 7-ին՝ Տավուշի ադրբեջանական սադրանքից հինգ օր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Հայաստանի պաշտպանության նախարարի հյուրն էր, իսկ երեք օր անց ԱՄՆ դեսպանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Արշակյանի հյուրն էր, փաստացի ռազմարդյունաբերության նախարարության հյուրը: Տավուշում հայկական բանակի եւ ռազմարդյունաբերությանմ համալիր հաղթանակն էր, ի դեպ:

Տավուշի մարտերից մի քանի օր անց Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդը այցելել էր Հայաստանի կենտրոնական հավաքակայան՝ հայկական բանակի զորակոչին հետեւելու համար, ինչը փաստացի այդ բանակի տավուշյան հաջողության խոսուն ճանաչում էր: Երկու օր անց էլ կցորդը արդեն դեսպանի հետ հյուրընկալվել էր Գլխավոր շտաբում՝ հանդիպելով շտաբի պետ գեներալ Գասպարյանի հետ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում