Ներդրումների ռուսական հիմնադրամը պայմանավորել է հնդկական ընկերության հետ կորոնավիրուսի դեմ պայքարի համար 100 մլն չափաբաժին պատվաստանյութ արտահանելու մասին, հարղորդում է РИА Новости-ն:

Խոսքը հայտնի դեղագործական Dr. Reddy’s Laboratories Ltd ընկերության մասին է: Պատվաստանյութի վաճառքը կարող է սկսվել 2020-ի վերջին՝ դեղամիջոցի կլինիկական փորձարկումների ավարտից հետո:

Հիշեցնենք՝ օգոստոսին ՌԴ-ն աշխարհում առաջինը գրանցեց COVID-19-ի դեմ դեղամիջոց: Փորձարկումների արդյունքում 100 մասնակցի մոտ ձևավորվել էր կայուն իմունիտետ, բացի այդ, կողմնակի ազդեցություններ չէին գրանցվել:

Անցած շաբաթ պատվաստանյութի առաջին խմբաքանակը դրվեց շրջանառության մեջ: Միաժամանակ, շարունակվում է կլինիկական փորձարկումների 3-րդ փուլը: Փորձարկումներին մասնակցում է նաև Բելառուսը: ՌԴ առողջապահության նախարարությունը նշում է, որ զանգվածային պատվաստում կսկսվի արտադրության ծավալների ավելացումից հետո և փորձարկումների մասին հավելյալ տեղեկությունների հավաքագրմանը զուգընթաց: