Թուրքական մամուլում լայնորեն շրջանառվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և միլիարդատեր Ջորջ Սորոսի համատեղ լուսանկարը։

Լուսանկարը շրջանառվում է Էրդողանի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու ազատական հայացքներով աչքի ընկնող գործարար Օսման Քավալայի վերաբերյալ խոսքերի համատեքստում: Էրդողանը Քավալային մեղադրել էր Թուրքիայում Ջորջ Սորոսի ներկայացուցիչը լինելու և նրա գիծն առաջ տանելու մեջ:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն իր թվիթերյան էջում հրապարակել է Էրդողանի և Սորոսի լուսանկարը, որն արվել է 2003 թվականին Դավոսում:

«Էրդողանն ասում է. «Գեզիի իրադարձությունները ֆինանսավորող մի անձ բանտում է: Ո՞վ է կանգնած նրա հետևում: Հայտնի հունգարացի հրեա Սորոսը»։ Լուսանկարում Էրդողանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հանդիպում են Սորոսի հետ: Սորոսի հետ հանդիպումն այն ժամանակ հանցանք չէր, հիմա ինչո՞ւ հանցանք դարձավ»,- գրել է Փայլանը:

Նշենք, որ Էրդողանը հայտնի գործարարին մեղադրել է դեռևս 2013-ին Ստամբուլի Գեզի այգուց սկսված և Թուրքիայի մյուս քաղաքներում տարածված հայտնի բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: