Իր առաջին ելույթով հայտնի արցախցի կամավորական Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է իր հարազատ եղբոր զոհվելու մասին: «Խնդրում և պահանջում եմ՝ ձեր գործողություններում լինեք կտրուկ, խիստ, որոշ դեպքերում՝ դաժան»,- Արցախի և Հայաստանի կառավարություններին է դիմել նա: «Ոչ մի դեպքում ոչ մի զիջումների, այդ թվում՝ տարածքային չգնալ, ոչ մի իշխանություն դա չի մարսելու: Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա ես՝ որպես քաղաքագետ, կասեմ, որ միջազգային պրակտիկան խաղաղապահների առումով տապալված է: Ուսումնասիրեք և համոզվեք: Ես իմ ընտանիքի անվտանգությունն օտարին չեմ վստահի»,- հավաստիացրեց Հարություն Մնացականյանը:

Նա նաև ռուսերենով դիմեց միջազգային հանրությանը. «Դանդաղ, բայց վստահ քայլերով միջազգային ահաբեկչությունը, որի դեմ այսօր պայքարում են Հայաստանն ու Արցախը, կհասնի բոլորիդ՝ Եվրոպայում, Ռուսաստանում, ամբողջ աշխարհում: Շուտով կպայթեն մետրոներ և այլ վայրեր ամբողջ աշխարհում՝ որպես հետևանք ձեր կույր ձևանալու»,- ասաց քաղաքագետը: