Lragir.am-ը գրում է. «Մենք պայմանավորվենք ենք, որ պահում ենք ստատուս-քվոն, այսօրվա դրությամբ գոյություն ունեցող իրավիճակը: Ինչ է լինելու հետո` դա կորոշի ապագան, կամ ապագա ղեկավարները, այդ գործընթացի ապագա մասնակիցները»: Դա մեջբերում է նախօրեին Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցին ՌԴ նախագահ Պուտինի պատասխանից, նշելով, որ այդ հարցն այո՝ բաց է:

Պուտինն ասել է, որ այդ հարցը կորոշեն Հայաստանի ու Ադրբեջանի «ապագա ղեկավարները»: Մի կողմից դա հասկանալի է՝ հնարավոր չէ պատկերացնել, որ օրինակ Ալիեւը կհամաձայնի որեւէ կարգավիճակի: Ընդհանրապես, հաշվի առնելով պատերազմի ընթացքում Ալիեւի հռետորաբանությունը, որն անցնում էր պարկեշտության սահմանները, անպատկերացնելի է Փաշինյան-Ալիեւ որեւէ արդյունավետ բանակցություն:

Մյուս կողմից, ինչի՞ մասին է ակնարկում Պուտինը՝ Հայաստանի՞ նոր ղեկավարության ղեպքում է հնարավոր քննարկել կարգավիճակի հարցը, թե՞ Հայաստանի ու Ադրբեջանի: Իսկ դա որքա՞ն հեռու ապագայի հարց է, եթե իհարկե հնարավոր է ընդունել, որ դա իրատեսական է:

Ըստ ամենայնի, Արցախի կարգավիճակի հարցը Հայաստանի ու Ադրբեջանի քննարկումների արդյունքում չէ, որ պետք է կամ կարող է լուծվել: Եվ Հայաստանի ու Ադրբեջանի նոր ղեկավարները ապագայում ընդամենը կքննարկեն կարգավիճակի առնչությամբ առկա իրողությունների ճանաչման հետ կապված հարցեր, ինչպես օրինակ Կոսովոյի եւ Սերբիայի ղեկավարները Վաշինգտոնում: Այս դեպքում գուցե ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ Արցախի ու Ադրբեջանի:

Ամբողջ հարցն այն է, թե որքանով է հնարավոր Արցախի հարցում զարգացման այդպիսի սցենար: Պատերազմի ընթացքում մի ակնարկ արեց Դոնալդ Թրամփը, որը սակայն ուներ Կալիֆորնիայի հայերին գրավելու նպատակ: Բանն այն է, որ այդ նահանգը ավանդաբար քվեարկում է դեմոկրատների օգտին եւ ունի ամենամեծ թվով ընտրիչները՝ 55:

Ավելին, Թրամփը ակնհայտորեն հանձնեց Կովկասը Թուրքիային ու Ռուսաստանին, որից հետո էլ եղավ ռուս-թուրքական պայմանավորվածությունը: Եթե Արցախի կարգավիճակի հարցում դիտարկվի այսպես ասած կոսովյան սցենար, ապա այդտեղ Վաշինգտոնի դերը կարող է խաղալ Մոսկվան, եթե իհարկե խաղա: Որովհետեւ Մոսկվան է ռազմական առումով հաստատվել Արցախում: Պուտինը նախօրեին ակնարկեց Անկարային ու Բաքվին, որ իր զինվորականների դեմ ոտնձգության պարագայում կճանաչի Արցախը, ինչպես Աբխազիան ու Օսիան:

Առայժմ սակայն ակնառու է, որ Ռուսաստանը փոխզիջման է եկել չճանաչելու հարցում: Միաժամանակ հարց է առաջանում, թե ինչ կստացվի, եթե Արցախը ճանաչեն օրինակ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն: Դա կնշանակի Միսկի խմբի համանախագահության փլուզում, բայց մյուս կողմից՝ մի՞թե այդ համանախագահության փլուզում չի դիտվում ռուս-թուրքական ներկայիս պայմանավորվածությունը:

Եթե ոչ, ապա ինչո՞վ է զբաղվելու Մինսկի խումբը՝ եթե ոչ կարգավիճակի կամ ճանաչման հացով: Եթե համանախագահությունը չի զբաղվելու այդ հարցով, այլ լեգիտիմացնելու է ռուս-թուրքական համաձայնությունը՝ այդ ծառայության համար փորձելով գին վերցնել թե Մոսկվայից, թե Անկարայից, ապա այդ դեպքում խումբը թերեւս պետք չէ Հայաստանին եւ Արցախին: Որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ այդ գինը Անկարայի եւ Մոսկվայի փոխարեն վճարում է հայ ժողովուրդը:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/18/600908/