Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև։ Դրանում ասվում է, որ նոյեմբերի 9-ի զինադադարը չի լուծել տարածաշրջանում առկա լուրջ խնդիրները։

Բանաձևի նախագծում դատապարտվում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, կոչ է արվում դուրս բերել ադրբեջանական ուժերը Լեռնային Ղարաբաղից և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավիճակի շուրջ բանակցություններին։

Նշվում է Լեռնային Ղարաբաղում միջազգային այլ դերակատարների ներկայության անհրաժեշտությունը, մասնավորապես խաղաղության պահպանմանն ու պատերազմական հանցագործությունների բացահայտմանը նպաստելու նպատակով։

Բանաձեւը դեռ քվեարկվելու է Բելգիայի խորհրդարանում: Դրանով արձանագրվում է Ղարաբաղի օկուպացիան՝ պատերազմական հանցագործությունների ու միջազգային իրավունքի խախտման միջոցով: Ըստ էության, կասկածի տակ է դրվում հրադադարի մասին եռակողմ համաձայնությունը:

Բանաձեւը շեշտադրումների առումով որոշակիորեն զիջում է Ֆրանսիայի Սենատում ընդունված բանաձեւին, սակայն դրանում ամրագրված են կարեւորագույն հանգամանքները:

Հետաքրքիր է, որ Ֆրանսիայի Սենատում ընդունված բանաձեւը Բաքվում ու Անկարայում չունեցավ նույնքան բացասական արձագանք, որքան Մոսկվայում, թեեւ Ռուսաստանի անունն այդ տեքստում չի նշվում: Նույնը կլինի նաեւ Բելգիայի պարագայում, եթե խորհրդարանն ընդունի այս բանաձեւը: Հիշելով կուժի ու կուլայի հայտնի ասույթը՝ Մոսկվայի արձագանքը հասկանալի է՝ որպես Մինսկի խմբի անդամ՝ այն գործել է սեպարատ, Բաքու-Անկարա եռակողմ ձեւաչափով, որն ուղղված է հայկական իրավունքների չեզոքացմանը: Մոսկվան որպես եռակողմ հայտարարության հեղինակ ու իրագործման երաշխավոր պատասխանատվություն է կրում այս իրավիճակի համար, բացի այդ, օրինակ Սենատի՝ 1994 թ. սահմաններին վերադառնալու անհրաժեշտության դրույթը դաժան «հիշեցում» է Մոսկվային՝ իր գծած ներկայիս սահմանների ֆոնին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում