Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, որի ժամանակ խոսվել է նաև խնդրահարույց ճանապարհների մասին․

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Խնդրահարույց պահերը կան, բայց ճանապարհներն աշխատում են այսօր։ Բայց նույնիսկ այդ կոնտեքստում Հայաստանի Հանրապետության տարածքը մնացել է անձեռնմխելի: Ուրիշ բան՝ այո, այսօր հայ վրացական սահմանում էլ կան կետեր, որ պարզ չէ՝ հայկակա՞ն տարածք է, թե՞ վրացական տարածք է: Իմիջիայլոց, ասեմ Ձեզ, Ադրբեջանը ո՜չ Վրաստանի, ո՜չ Ռուսաստանի հետ սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա չի արել։ Բայց սա չի նշանակում, որ փոխադարձաբար բոլորն ամեն ինչը համարում են իրար տարածքներ: Ինչ-որ մի կետ պետք է լինի:

Պետրոս Ղազարյան – Ես հասկացա, որ հիմա էլ մենք դեռ չենք անում Ադրբեջանի հետ։ Պարզապես սահմանակետեր են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որովհետև դելիմիտացիա, դեմարկացիա անելու համար պետք է դիվանագիտական հարաբերություններ լինեն, համատեղ հանձնաժողով ձևավորվի, որը նախ քարտեզի վրա աշխատի, ապա՝ արդեն տեղում դեմարկացիա անելով, կետերը կոնկրետ նշելով: Բայց խնդիրն այն է, որ Սովետական միության կամ 20-րդ դարում Հայաստանն ու Ադրբեջանն իրար հետ արել են դեմարկացիա և դելիմիտացիա: Այն ժամանակ արել են, ինչը չի նշանակում, որ ավտոմատ այսպես փոխարինվում է, բայց ինչ-որ մի կետ պետք է հիմք ընդունել:

Եվ ընդ որում, ամենակարևոր հարցը՝ անվտանգության հարցը: Այսօր այն գործողությունների արդյունքում, որ տեղի են ունեցել, կանխվել է պատերազմը Սյունիքում։ Ընդ որում, կանխվել է ոչ միայն այսօր, այլև ընդհանրապես։ Որովհետև հիմա մենք տեղաբաշխված ենք այնպես, որ Սյունիքի նկատմամբ ոտնձգություն լինելու դեպքում ոչ միայն Հայաստանի Զինված ուժերը, ոչ միայն Հայաստանը կմիջամտի, այլ կմիջամտի նաև Ռուսաստանը: Եվ սա արվել է դրա համար։ Ընդամենը: Սա չի նշանակում, որ, օրինակ, չի կարող լինել բանավեճ մեկ կամ երկու կամ 12 հողամասի վերաբերյալ: Այսօր, օրինակ, կա այդպիսի բանավեճ՝ մոտավորապես 20 հողամասի վերաբերյալ, և այդ բանավեճը տեղի է ունենում: Ճանապարհների հետ կապված կա բանավեճ։ Բայց մենք ուրիշ բան ենք արել, ասել ենք՝ եկեք այսպես անենք, եկեք երաշխավորենք, որ այդ ճանապարհը կաշխատի, հետո հընթացս կհասկանանք՝ այս բանավեճն ինչպե՞ս ենք լուծում: Ամենատարբեր տարբերակներ կան այդ բանավեճի։ Բայց որ Հայաստանի Հանրապետության տարածքը եղել է և շարունակում է մնալ անձեռնմխելի, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող, և այս գործողություններն արվել են դրա համար: