ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը (այս պաշտոնը հատուկ ստեղծվել է նրա համար, ՌԴ վարչապետի պաշտոնից հեռացնելուց հետո) հայտարարել է, որ Ղարաբաղում կարգավորման հարցը պետք է քննարկվի նաեւ Թուրքիայի հետ, այդպիսին են տարածաշրջանի իրողությունները: Նրա խոսքով` Մոսկվան եւ Անկարան արդյունավետ երկխոսություն են կառուցել, երկու երկրների նախագահներն անընդհատ շփվում են այս թեմայի շուրջ, որոշում է կայացվել ընդհանուր իրավիճակի վերահսկման հատուկ կենտրոնի ստեղծման մասին (խոսքը Աղդամի մոնիտորինգի համատեղ կենտրոնի մասին է): Նա ասել է նաեւ, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, սակայն հիմա այն քննարկել չի կարելի, ավելի լավ է տեղափոխել այն ապագա:


Մեդվեդեւը, որը համարվում է Պուտինի ժառանգորդներից մեկը, կրկնում է իր ղեկավարի հայտարարությունները: Ըստ երեւույթին, Հայաստանում Պուտինին չեն հավատում, կամ չեն ուզում հավատալ, եւ անհրաժեշտություն է առաջացել, որ Մեդվեդեւը կրկնի այդ հայտարարությունները՝ կարգավիճակ չի լինելու, հարցերը լուծելու են Թուրքիայի հետ եւ այլն: Ըստ ամենայնի, Երեւանից հնչող շնորհակալությունները ձանձրացրել են Կրեմլին, բացի այդ՝ Հայաստանում չեն ուզում հասկանալ, թե ով է ստեղծել այն իրողությունները, որոնք պետք է հաշվի առնվեն, ինչպես ասում է Մեդվեդեւը:

Իսկ դա կարեւոր է, որովհետեւ իրավիճակն աստիճանաբար հանգում է խառնաշփոթի թե պատերազմի հանգամանքների վերաբերյալ քարոզչության, թե դրա թողած հետեւանքների առումով: Դա արդեն վտանգավոր է դառնում: Անհրաժեշտ է այլ մոտեցում, բայց Կրեմլի կգբ-ական վերնախավի կրեատիվն այդտեղ ավարտվում է:

Հիշվում է, ապրիլյան պատերազմից հետո Երեւանում Մեդվեդեւը անպատասխան թողեց զենքը ժամանակին մատակարարելու մասին հարցումը, իսկ Բաքվում հայտարարեց, որ եթե ընտրեր Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված լինելու եւ պատերազմի միջեւ, ինքը կընտրեր երկրորդը: Դա լեզվի սայթաքո՞ւմ էր, թե մտածված խոսք՝ այդպես էլ չպարզաբանվեց:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/02/01/617943/