Որոշ iPhone-ների կորպուսը ժամանակի ընթացքում կարող է գունաթափվել: Այս մասին հայտնում է սլովենական Svetapple հրատարակությունը:

Խնդրի վրա ուշադրություն դարձրած լրագրողները հայտարարել են, որ iPhone 12-ի կարմիր կորպուսը ժամանակի ընթացքում կարող է կորցնել իր նախնական տեսքը: Հեղինակների տրամադրության տակ հայտնված դեւայսը մի քանի ամիս օգտագործվել է թափանցիկ սիլիկոնե պատյանում: Որոշ ժամանակ անց սարքի տերը նկատել է, որ հեռախոսի կողային եզրերը նկատելիորեն դեղնել են: Պարզվել է, որ Apple-ի ֆորումում եւ սոցիալական ցանցերում iPhone-ի նմանատիպ խնդրի վերաբերյալ այլ օգտվողներ էլ են բողոքում:


Շատ դեպքերում այն թերությունը, որը լրագրողները անվանում են անուղղելի, նկատվում է կարմիր iPhone 12-ում: Նաեւ մի քանի բողոք է գտնվել նոր սերնդի iPhone 11, iPhone XR եւ iPhone SE սմարթֆոնների գունաթափման վերաբերյալ: Ընդ որում, կարմիրից բացի այլ գույների վրա գունաթափումը պակաս նկատելի է:

Հեղինակները չեն կարողացել ճշգրիտ պատասխանել, թե ինչի հետ կարող է կապված լինել այդպիսի թերությունը: Ենթադրություն կա, որ բնական տեսքի կորուստը կապված է ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության կամ սիլիկոնային պատյանի հետ շփման հետ: Բացի այդ, լրագրողները ենթադրել են, որ դեւայսը կարող է գունաթափվել օգտագործողի ափի հետ շփման պատճառով:

Apple-ը դեռ չի արձագանքել խնդրին: Մասնագետները կարծում են, որ եթե այս սարքերում խոտան կա, ընկերությունը կկարողանա սարքերը փոխարինել նորերով: