Թարգմանաբար ներկայացնում ենք Հայաստանի դրության վերլուծությամբ ռուսաստանյան լսարանին հազվադեպ ուղղվող մի հրապարակում

Մոսկվայի երկու բարեկամ՝ մեկը չափավոր թաքնված, մյուսը՝ չափավոր բաց: Ահա ճոխ կերակրացանկը, որն արտահերթ խորհրդարանական ընտրություններում հայ ընտրողին են առաջարկել Ռուսաստանի իշխանությունները: Կաղամբով ապուր, պասուց շիլա եւ վերջ. ֆորմալ անկախության 30 տարիների ընթացքին տեղական քաղաքական մանղալի կրակն այդպես էլ չբոցկլտաց: Այնուամենայնիվ, կան մի քանի կարևոր նրբերանգներ, որոնք կարող են ավելի առարկայական նկարագրել Հայաստանի քաղաքական անշունչ քարքարուտը՝ մի երկիր, որը բախվում է տնտեսական և ռազմական արտակարգ մարտահրավերների:

Նրբություններից առաջինը վերաբերում էր մանդատների հավակնորդների համար պարտադիր դարձած քաղաքական քողարկմանը: Ընտրական գործընթացի հանդեպ հրապարակային ուղղորդման իրավունքը Փաշինյանի կաբինետը գործնականում պաշտոնապես փոխանցեց Ռուսաստանին (ի դեմս դեսպան Կոպիրկինի – խմբ.): Կասկած չէր մնում, որ ընտրությունները սպեցիֆիկ տեխնոլոգիական հիմք են ունենալու:

Նախընտրական արշավի ողջ ընթացքում Մոսկվան ուղարկում էր հաղորդագրություններ Հայաստանի համար Ռուսաստանի անայլընտրանքության մասին: Եւ սա պատերազմում ռուսական դերի վերաբերյալ օրեցօր աճող կասկածների ֆոնին: Նման մոտեցման ակնհայտ թերությունները ռուս դիվանագիտությունը հաշվի չառավ: Այս փաստը վկայում է Անդրկովկասում դեպի Թուրքիա Մոսկվայի կողմնորոշման անմշակության մասին: Տարածաշրջանի էթնիկ զգայունության պայմաններում այս կողմնորոշումը ընկալվեց իբրեւ բացահայտ կողմնակալ (հակահայ – խմբ.):

Ռուսական դիրքորոշման այս առանձնահատկությունը թեկնածու Փաշինյանին ստիպեց գործնականում խուսափել Ղարաբաղյան թեմայից, իսկ թեկնածու Քոչարյանին՝ իր մոտեցումները լույծ պահել զինադադարի մասին հայտնի Եռակողմ հայտարարության սահմանափակումներից: Մինչև սեպտեմբերի 27-ը քաղաքական գործիչները Հայաստանում կարող էին ազատորեն բացել իրենց աշխարհաքաղաքական նախապատվությունները: Հիմա ասել, թե «ես գործում եմ ի նպաստ Ռուսաստանի», նույնիսկ Հայաստանում ռուսանպաստ քարոզչության լիակատար գերազանցության ֆոնին, համարժեք կլիներ ինքնասպանության: Քաղաքական քողարկավորումը հրամայական դարձավ:

Արդյունքում, Մոսկվան առաջարկեց, որ ընտրողներն առաջնորդվեն բարու և չարի մասին իրենց նախապատերազմյա պատկերացումներով: Սակայն դա էլ չօգնեց. ընտրողը որոշեց, որ նոր «չարիքն» ավելի լավ է, քան հին «բարին»: Այսպիսի ընտրությունը եւս մեկ նրբերանգ է, մի կարևոր հանգամանք, որը խոսում է Հայաստանում իրական քաղաքական խոհանոցի բացման միառժամանակ հետաձգվելու մասին:

Հայաստանում Ռուսաստանի դերի մասին սովետական ​​պատկերացումների ռեսուրսը գործնականում սպառված է: Սպառվել է նաեւ սրա հետ որոշակիորեն կապված Հանրապետության երեք պահպանողական նախագահների մարմնավորած «լավ օրերի» կարոտախտի ռեսուրսը: Սա Անդրկովկասի նոր, հետխորհրդային իրականությունն է, որը արձանագրվել է արյունոտ պատերազմի և բավականին ազատ, բավականաչափ այլընտրանքային ընտրությունների դաժան խառնուրդի միջոցով:

Պավել Դալլաքյան, Ռադիո Էխո Մոսկվի, 21.06.21

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/06/22/650393/