Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները շարունակում են փակ մնալ Բաքվի զինվորականների ներխուժումից հետո։ Բանակցությունները երեկ արդյունք չեն տվել, չնայած ՔՊ պատգամավորներից մեկը հավաստիացնում էր, թե երեկոյան ճանապարհը կբացվի։ Ճանապարհը հենց այնպես չեն փակել, որ հենց այնպես էլ բացեն՝ խնդիրը այլ՝ Սյունիքի մարզով միջանցքների եւ Հայաստանն Իրանից կտրելու տիրույթում է։

Հայկական քաղաքական-մեդիա շրջանակներում համարժեք է գնահատվել ճանապարհի փակման նպատակը։ Միեւնույն ժամանակ, պատկերն ամբողջական չէ Ռուսաստանին մի կողմ դնելու պարագայում, քանի որ այդ ճանապարհի վերաբերյալ եղել է ՀՀ-ՌԴ պայմանավորվածություն, որը խախտվել է, ինչպես պնդում է վարչապետը։

Մյուս կողմից, ինչի՞ դիմաց է եղել այդ պայմանավորվածությունը։ Պետք է ենթադրել, որ միջանցքների։ Պետք է նկատի առնել նաեւ, որ Մոսկվան եւ Բաքուն գործում են համաձայնեցված, որը վերահաստատվել է Պուտին-Ալիեւ վերջին հանդիպմանը, նմանապես հայտարարվել է Պուտին-Փաշինյան «ժամացույցները ճշտելու» մասին։

Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ միջանցքային տրամաբանությամբ բանակցություններ չի վարում, եւ ՀՀ տարածքով անցնող բոլոր ճանապարհները պետք է գտնվեն ՀՀ իրավասության տակ։ Մոսկվան ու Բաքուն ձգտում են հենց միջանցքին, եւ եթե կան նույնիսկ տարաձայնություններ, դրանք կապված են միայն վերահսկողության խնդիրներին։ Մոսկվան նախատեսում է ԱԴԾ միջոցով միջանցքի վերահսկումը, ինչն այս փուլում ձեռնտու է Բաքվին, քանի որ դա միակ տարբերակն է Սյունիքի մարզով ճանապարհներին միջանցքի «կարգավիճակ» տալու համար։

Բանն այն է, որ Բաքուն ինքնուրույն չի կարող հասնել միջանցքին, նկատի առնելով Մինսկի խմբի արեւմտյան համանախագահների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, ինչպես նաեւ Իրանի, Եվրամիության դիրքորոշումները։ Զուր չէ, որ Ալիեւը հայտարարել է, որ «Զանգեզուր են վերադառնալու հաջորդ փուլում»․ թուրքերը հայկական տարածքները միշտ ստացել են Ռուսաստանից։ Դա էլ հաջորդ փուլից Ալիեւի ակնկալիքն է՝ ռուսական ներկայությունը համարվում է միջոց եւ միջանկյալ հանգրվան։

Դատելով տեղից ստացվող կցկտուր տեղեկություններից, ռուսական կողմն իրեն «տարօրինակ է պահում», չնայած ճանապարհն իր վերահսկողության տակ է։ Դրանում զարմանալի բան չկա՝ ռուսական կողմն իրեն «տարօրինակ էր պահում» Հադրութի հայկական վերահսկողության տակ մնացած գյուղերում, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում Բաքվի ներխուժումների ժամանակ, եւ այլն։ ՌԴ-ն Հայաստանում Բաքվի ներխուժումների առաջնորդությամբ ձեւավորում է իր ռազմական ներկայության գիծը կամ ռուս-թուրքական «նոր սահմանը», որին Լրագիրն անդրադարձել է բազմիցս։

Տվյալ պարագայում, այս պլանի շրջանակում իրականացվում է Սյունիքի մարզը միջանցքներով օտարելու եւ Հայաստանն Իրանից կտրելու պլանը։ Ռուսաստանի «տարօրինակ» պահվածքի իմաստը հետեւյալն է՝ եթե ցանկանում եք ապահովենք ճանապարհի անխափան աշխատանքը, պետք է համաձայնվեք «միջանցքային տրամաբանությանը»՝ ՌԴ ուժային վերահսկողությամբ։

ՀՀ իշխող խմբի ներկայացուցիչները շարունակում են խոսել «դեմարկացիոն ու խաղաղության պայմանագրի» մասին, նման միջադեպերը պայմանավորելով դրանով եւ «սպառնալով», որ դրանք պարբերաբար լինելու են։ Կառավարությունը սահմանների պաշտպանությունը, անվտանգության ողջ համակարգը, ըստ այդմ՝ սուբյեկտությունը հանձնել է Ռուսաստանին՝ պարբերաբար հավատարմություն հայտնելով ռուս-թուրքական «եռակողմ» փաթեթին, չնայած Մինսկի խմբի արեւմտյան համանախագահների, Եվրամիության, Իրանի մեկնած ձեռքին, որը չի կարող անվերջ շարունակվել։ Դավաճանության մեղադրանքներին նյարդային արձագանքող իշխող խումբն ուրիշ ի՞նչ որակում է տալիս այս ամենին։

Իր հերթին, Կոպիրկինի անվան խորհրդարան անցած ուժերը մինչեւ ե՞րբ հույս ունեն իրար վրա շիշ նետելով քողարկել ազգային-պետական խնդիրների քննարկումից հրաժարվելու հանգամանքը։

Պուտին-Փաշինյան տանդեմը, որը սպասարկում է Մոսկվայի ու Բաքվի շահերը, սպառնում է ՀՀ գոյությանը։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/08/27/664124/