Սոչիի թատրոնից հետո Երեւանում ՌԴ դեսպան Կոպիրկինի հրահանգավորած՝ ռուսական ներկայության տարբեր մաստի ակտորների շտապ մոբիլիզացիա է սկսել․ պետք է «մաքրել» ՌԴ անցյալի ու ներկայի գործողությունները, եւ ամենակարեւորը՝ տեղ ու ալիբի բացել առաջիկա գործողությունների համար։ Այդ նպատակով, քարոզչական եւ հիբրիդային այլ միջոցների սպեկտրը հնարավորինս լայն է վերցված՝ ավանդական տափակաբանությունից մինչեւ ՌԴ անզորության արձանագրում, Հայաստանի հարցում ՌԴ սխալ քաղաքականությունից (Զատուլին) մինչեւ քաղդասի ռուսական հատվածի «դիմադրական ու ազատագրական շարժումներ»։

Շտապ մոբիլիզացիան պայմանավորված է «սահմանազատումն» արագ սկսելու Պուտինի հրահանգով։ Հայաստանին «սահմանազատման» ու միջանցքների պարտադրման պուտինյան պլանը իրագործվում է հետնամուտքից, համապատասխան սխեմայով էլ մոդելավորվում է ՀՀ ներքին իրավիճակը՝ խափանումներ թույլ չտալու համար։ Այդպես իրագործվեց «պողպատե մանդատ» գործողությունը 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած, ներկայում ՌԴ ներկայության ակտորների հրահանգը հանրային ողջ սպեկտրը զբաղեցնելն է՝ «պողպատե մանդատը» պահպանելու եւ Մոսկվայի համար անակնկալներ եւ անվերահսկելի գործընթացները բացառելու նպատակով։

Սոչիում ամեն ինչ չափազանց պարզ էր ու բաց, ընդհուպ այն դրվագը, երբ միջանցքների մասին խոսեց ոչ թե Ալիեւը, այլ Պուտինը, որն էլ հայերին սպառնաց, որ հակառակ դեպքում կլինեն ռազմական նոր բախումներ եւ պատանդառություն։ Այնքան պարզ ու բաց, որ սկսեցին տարածել, թե «Պուտինը քաշել է Ալիեւի ականջները, որ էլ նման բաներ չանի, որ Ալիեւի միջոցով զգուշացրել է Թուրքիային, որ Ղարաբաղի խնդիրն էլ լուծվելու է Մինսկի խմբում»։ Թե ինչպես է «քաշել Ալիեւի ականջները»՝ երեւաց Աշխաբադում տնտեսական համագործակցության խորհրդի նիստին Ալիեւի, Էրդողանի, Չավուշօղլուի հայտարարություններից։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/11/29/684378/