Այսօրվանից սկսվում է Առաջավորաց պահքը։

Այս պահքը հաստատել է մեր հավատքի հայր Ս. Գր. Լուսավորիչը հայոց դարձից առաջ: Խոր Վիրապից դուրս գալով՝ նա 65 օր շարունակ քարոզեց Քրիստոսի սիրո վարդապետությունը, որի ընթացքում մկրտվեց ողջ արքունիքն ու ժողովուրդը: Քարոզության օրերից 5-ի ընթացքում Ս. Գրիգորը պատվիրեց պահքով ապաշխարել և հեռու մնալ մեղքից:


«Առաջավորքը պահում ենք 5 օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ, որին հաջորդող շաբաթ օրը Ս. Սարգսի տոնն է:

Քրիստոնյայի համար պահքն ապաշխարության, ինքնաանդրադարձի և ինքնաքննության շրջան է՝ մեղքերից հեռու մնալու և Տիրոջ հետ կապն ավելի ամուր դարձնելու համար։ Աստված ներում է իր մեղքերը գիտակցած ապաշխարողին, բայց նաև պատժում՝ չզղջացողին։ Քանի դեռ ապրում ենք, և այս մարմնի մեջ ենք, երբեք էլ ուշ չէ ապաշխարելու, մեր մեղքերը խոստովանելու և քահանայական ձեռնադրութուն և օծում ունեցող հոգևորականից թողություն ստանալու համար։ Մահից հետո այլևս ոչինչ չենք կարող անել, այլ միայն սպասել Աստծո ահեղ դատաստանին։

Առաջավորաց պահքը հավաքական պահեցողության օրինակ է, երբ բոլորս կարիք ունենք ապաշխարության, մեր պատմությունից դասեր քաղելու՝ մեզանից վանելով ատելությունն ու անմիաբանությունը։ Եվ միայն այդ դեպքում ազգովի ապաշխարությանը կհաջորդեն հաղթանակները բոլոր ասպարեզներում»,- գրել է Զաքարիա ծ. վրդ․ Բաղումյանը։