Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է արծաթագործ, Էջմիածնի դրոշի և զինանշանի հեղինակ, Էջմիածնի պատվավոր քաղաքացի Արշակ Մանուկյանը։ Այս մասին հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանից։

«Արշակ Մանուկյանը մեր համայնքի երախտարժան այրերից էր, հայրենիքում և սփյուռքում մեծ ճանաչում գտած ժողովրդական վարպետ, զարդարվեստի յուրահատուկ բազմաթիվ աշխատանքների հեղինակ։ Այդ թվում՝ հեղինակել է «Էջմիածին» լանջաշղթան, որը համայնքի նորընտիր ղեկավարները կրում են պաշտոնամուտի երդմնակալության արարողության ժամանակ։

2002 և 2003 թվականներին մասնակցել է ոսկերիչների հինգերորդ եւ վեցերորդ միջազգային ցուցահանդեսներին, արժանանացել «Հոգևոր թեմաներով լավագույն աշխատանքների համար» դիպլոմի: Վարպետի աշխատանքներից շատերը գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Սիրիայում, Ֆրանսիայում և այլուր:

Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում Մանուկյան ընտանիքի անդամներին եւ հարազատներին»,-նշել է նա։