ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում այլևս զբաղեցնել բարձրաստիճան պաշտոն: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, անհնազանդության երթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Մենք ձևավորելու ենք մերիտոկրատական կառավարություն։ Այսինքն՝ ոչ թե ձևավորելու ենք ըստ կուսակցությունների, այլ ըստ արժանիքների։ Պաշտոն են զբաղեցնելու այն պրոֆեսիոնալները, որոնք կարիքն այնքան ունենք այսօր:


Ժամանակավոր կառավարության գործառույթն է լինելու անհապաղ գործողություններ իրականացնել, որոնք բխում են մեր երկրի անվտանգությունից ու կազմակերպել նորմալ, մրցակցային ընտրություններ, այլ ոչ թե չագուչներով, անհասկանալի հռետորաբանությամբ մրցավազքեր», - ասաց նա։

Մամիջանյանի խոսքով՝ ժամանակավոր կառավարությունը չի լինելու որևէ կուսակցության կառավարություն. կառավարությանը մաս են կազմելու բոլոր այն պրոֆեսիոնալները, որոնց կարիքը շատ կա մեր երկրում։

«Սերժ Սարգսյանը, երևի, տասը, քսան, երեսուն անգամ հայտարարություն է տարածել, որ ինքն այլևս չի զբաղեցնելու բարձրաստիճան պետական պաշտոններ, ինքն իր փորձառությամբ, խորհուրդներով կուղղորդի նոր սերնդին», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես, առավոտից փակվել են Կիեւյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես, փակվել է Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները: