Սպառողական բարձր գները կպահպանվեն, ինչը, հավանաբար, կհանգեցնի ռեցեսիայի, կարծում է Թագավորական քոլեջի Բիզնեսի եւ տնտեսագիտության հարցերով գործադիր փոխնախագահ Բրայան Բրենբերգը։

«Սննդամթերքի գները գտնվում են ռեկորդային բարձր մակարդակի վրա՝ եգիպտացորենը, սոյան, ցորենը եւ այլ հիմնական մթերքները դեռեւս շատ թանկ են: Վառելիքն է դեռ շատ բարձր մակարդակի վրա... Ես դրա վերջը չեմ տեսնում»:


Նրա մեկնաբանությունները հնչել են՝ կապված Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների 50 բազիսային կետով բարձրացման ակնկալիքների հետ՝ աճող գնաճի դեմ պայքարելու նպատակով:

Պրոֆեսորը նախազգուշացրել է, որ տոկոսադրույքների բարձրացման հետեւանքով սպառողական գների նվազումը կհանգեցնի տնտեսության ռեցեսիայի:

Բրենբերգը նաեւ հասկացրել է, որ տնտեսության դանդաղումը նշանակում է գումարի նվազում ամերիկացիների գրպանում: «[Ձեռնարկությունները] դադարում են ներդրումներ անել, նրանք դադարում են աշխատողներ վարձել, իսկ դա նշանակում է, որ այժմ խոսում ենք աշխատատեղերի հետ կապված խնդիրների մասին»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե ԴՊՀ-ի առաջին տոկոսադրույքի բարձրացումը փոքր-ինչ նվազեցնի ինֆլյացիայի ներկայիս մակարդակը, սպառողները չպետք է ակնկալեն բենզալցակայաններում կամ մթերային խանութներում ցածր գներ:

«Ինֆլյացիան անցյալ տարվա ապրիլին է սկսել սրընթաց աճել: Ուրեմն հիմա դուք ունեք ինֆլյացիա ինֆլյացիայի վրա»,- ասել է նա: «Նույնիսկ եթե այս ցուցանիշը մի փոքր իջնի, այն հիմնված է նախորդ ինֆլյացիայի վրա, իսկ դա նշանակում է, որ մարդիկ դեռ գների կտրուկ աճ են զգում»:

Բրենբերգը կարծում է, որ Բայդենի վարչակազմը փորձում է «խոսակցության ցանկացած այլ թեմա» գտնել, սակայն յուրաքանչյուր ամերիկացի մտածում է ինֆլյացիայի մասին։