Երևանում հունիսի 22-ին տեղի ունեցող Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը կքննարկի տեխնոլոգիական աշխարհի ամենաարդիական թեմաները:

Գագաթնաժողովի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում: Կարևորելով Orion Summit-ի դերը հայաստանյան էկոհամակարգերի ստեղծման ու զարգացման գործում` Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցը` Ամերիաբանկը, որպես Platinium հովանավոր միանում է Orion Summit 2022-ին` համատեղելու ջանքերը թվային էկոհամակարգերի դերն ու նշանակությունը ներկայացնելու համար։


Էկոհամակարգային լուծումները հնարավորություն են ընձեռում բիզնեսներին և ֆիզիկական անձանց, անկախ ոլորտից, ներկայանալ ծառայությունների առավել լայն շրջանակով: Ամերիաբանկը Հայաստանի ֆինանսական շուկայում միակն է, որ ներդրել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ: Դրանով իսկ Ամերիան առաջինը Հայաստանում ապահովում է հաճախորդի անհատական խնդրի ամբողջական լուծմանն ուղղված հարմարավետ ուղի էկոհամակարգերի` թվային նպատակային հարթակների միջոցով:

 

Հայաստանյան ստարտափ էկոհամակարգերի զարգացմանը նվիրված քննարկմանը կբանախոսի և Ամերիաբանկի փորձով կկիսվի Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը:

Գագաթնաժողովի 5 գլխավոր թեմաներից մեկը, որպես ստարտափների աճի, հասարակության բարեկեցության ու ապագա միլիոնատերերի «կերտման» խթան, ESOP – աշխատակիցների բաժնետիրացման ծրագրերն են: Դրանք աշխատակիցներին խրախուսելու, ոգևորելու և պարգևատրելու լավագույն լուծումներից են։ Հաջող տեխնոլոգիական ստարտափներն իրենց զարգացման դեռևս վաղ փուլում աշխատակիցներին բաժնետիրացնում են՝ սնելով և արագացնելով իրենց աճի ու զարգացման տեմպերը։ Հայաստանում տաղանդներին պահելու և խրախուսելու համար ESOP-ը, որպես գործիք, առանցքային դեր կարող է ունենալ։ Աշխատակիցները, լինելով Հայաստանում, կարող են ունենալ «մայր» ընկերության բաժնետոմսեր կամ դրանց օպցիոններ, հետագայում ընկերության ձեռքբերումների և կլանումների (M&A) կամ հրապարակային թողարկման (IPO) արդյունքում դառնալով միլիոնատերեր։


Քննարկմանը բանախոսելու է Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցի` Ամերիաբանկի Իրավական հարցերի գծով տնօրեն Դավիթ Սարգսյանը: Ամերիան առաջիններից մեկն է, որ Հայաստանում դեռևս 2016 թվականին ներդրել է ESOP ծրագիրը: Դավիթ Սարգսյանը կներկայացնի ընկերության հաջողված փորձը:

Երևանում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցեն նաև տեխնոլոգիական, ֆինանսական և այլ ոլորտների ընկերություններ, բիզնեսի և միջազգային ճանաչում ունեցող ստարտափների հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և փորձառու մասնագետներ: Գագաթնաժողովի այցելուները հնարավորություն կունենան լսելու բանախոսների համաշխարհային առաջատար ընկերություններ Adobe-ից, SADA-ից, Embodied-ից, cognaize-ից, Scylla-ից, Grand Thornton-ից, Startup Lithuania-ից և այլն:

Գագաթնաժողովի գլխավոր բանախոսն է ներդրումային բանկերի և ֆինանսական խորհդատվության ոլորտում ճանաչված մասնագետ Մարկ Չենյանը: Միջոցառումը կբացեն Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը, Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Բանախոսներին կմիանա նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: