ՌԴ Տագանրոգի դատարանը տեղի բնակիչ Ժորա Խաչունցին դատապարտել է 4 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ մեղավոր ճանաչելով Իլ-80 ինքնաթիռի մասերը գողանալու մեջ, որը հայտնի է որպես «Դատաստանի օրվա ինքնաթիռ»: Սա այն ինքնաթիռն է, որը նախատեսված է միջուկային պատերազմի կամ տեխնածին աղետների ժամանակ իշխանություններին տարհանելու համար։ «Քավության նոխազ են գտել։ Չեն էլ թաքցնում, որ սա պատվերով գործ է, բացահայտ ասում են։ Մեր փաստաբանին անձամբ դատավորն ասաց. «Սա պատվերով գործ է, ես չեմ կարող արդարացման դատավճիռ կայացնել», ասել է Խաչունցի կինը՝ Ելենան։

«Դատաստանի օրվա» օդանավի դեպքը դարձել է Ռուսաստանի քաղաքականության ևս մեկ ցուցիչ, որն օգտագործում է հայկական ազգանուններն ամենակեղտոտ գործերի և «ավանդական արժեքները» հաստատելու համար, որոնց վրա պետք է կառուցվի նոր «ռուսական աշխարհը»։

Տարիներ առաջ իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերի պատմությունը մինչ այժմ ցուցադրաբար պտտվում է բոլոր ալիքներով. ահա թե ով է կոտրում ընտանեկան արժեքները Ռուսաստանում, ահա թե ինչ բարքեր են տիրում «ոչ ռուսական» աշխարհի ընտանիքներում։

Ռուսաստանի կայսերական հավակնություններն արտահայտում են նաև հայկական ազգանուններով մարդիկ, իսկ Մարգարիտա Սիմոնյանը դարձել է հակահումանիզմի հենարան և հակաքաղաքակրթության խորհրդանիշ։

Պուտինի կայսերական ռազմավարությունը առաջինը փորձարկվեց հայերի վրա. 2015-ի հունվարին, երբ Հայաստանը պատրաստվում էր Ցեղասպանության 100-րդ տարելիցին, Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինվորը մորթեց Ավետիսյանների ընտանիքը՝ չխնայելով անգամ 6 ամսական երեխային։ Ծիսական այդ սպանությունը նշանավորում էր Կրեմլի «ռուսական աշխարհի» քաղաքական մեկնարկը։

Այսօր հայտնի է դարձել, որ Ուկրաինան հետախուզում է հայտարարել «Ուկրաինայի դենացիֆիկացիա. չսերտած դասերի երկիր» գրքի հեղինակ Արմեն Գասպարյանին։ 2018-ին հրապարակած գրքում Գասպարյանը գրում է ուկրաինական պետության ձախողման մասին և Ռուսաստանի ղեկավարությանը կոչ անում ռազմական հարձակում սկսել Ուկրաինայի դեմ։ Հենց նա էլ Ռուսաստանում տարածեց «դենացիֆիկացիա» եզրը Ուկրաինայի հանդեպ։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/07/29/731064/