Խաղաղ օվկիանոսի խորքերում, մակերեսից հինգ կիլոմետր խորությամբ, հայտնաբերվել են նոր կենդանի էակներ։ Ինչպես գրել է ZooKey պարբերականը, ծովի հետազոտողները հայտնաբերել են 7 անհայտ տեսակ։

Լոնդոնի Բնական պատմության թանգարանի աշխատակիցները տարօրինակ էակներին հայտնաբերել են Խաղաղ օվկիանոսի խորջրյա շրջաններում՝ դրա համար կիրառելով հեռահար կառավարվող ստորջրյա սարք։ 2018թ. ամռանը գիտնականներն արշավ են կազմակերպել դեպի Հավայների եւ Մեքսիկայի միջեւ գտնվող այդ տարածք։ Արշավի արդյունքներով նրանք ավելի քան հիսուն նմուշներ են ստացել։


Այժմ հետազոտողները կարողացել են ինչպես հարկն է ուսումնասիրել նմուշները եւ պարզել, որ դրանցից առնվազն յոթը գիտությանն անհայտ նոր տեսակներ են։ Բոլոր նմուշները ստացվել են Կլարիոն-Կլիպերտոն Խաղաղօվկիանոսյան գոտում. այստեղ կան ստորջրյա լեռներ, որոնք տեղանքը դարձնում են դժվարհասանելի ծովային կենսաբանների համար։

Գիտության համար նոր տեսակների մեջ կան անհավանական ճկուն ծովային վարունգներ՝ Psychropotes longicauda, որոնք նման են խոշոր բանանի, ինչպես նաեւ Hyalonematidae ընտանիքի ծովասնկեր, որոնք կակաչներ են հիշեցնում։ Խաղաղ օվկիանոսի խորջրյա հատվածներում, ինչպես ընդգծում են գիտնականները, կյանքը կարող է ամենահետաքրքրաշարժ ձեւերն ընդունել՝ գումարած այն, որ այստեղ մինչ այժմ կան բազմաթիվ չհայտնաբերված տեսակներ, ուստի մասնագետներն արդեն պատրաստվում են նոր արշավների։