Գիտնականները հունիսին Արեգակի վրա ավելի քան 160 բիծ են հայտնաբերել, որոնք ամենաշատն են վերջին երկու տասնամյակի ընթացքում: Արեգակնային ընթացիկ ցիկլը (25-րդն է) ինտենսիվ է դառնում շատ ավելի արագ տեմպերով, քան կանխատեսել էին NASA-ն և ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչությունը (NOAA): Գիտնականները մտահոգություն ունեն, որ դրա պատճառով կարող են ավելանալ արևային փոթորիկները։

Տիեզերական գործակալությունները նշել են, որ 25-րդ ցիկլում արեգակնային բծերի ամսական առավելագույն թիվը կհասնի 125-ի, սակայն այժմ դրանց թիվը մոտենում է 200-ի: Գիտնականների կարծիքով՝ նման ցուցանիշը հավանաբար իրականություն կդառնա հաջորդ տարի:

Ֆիզիկոս Քիթ Սթրոնգն ասել է, որ նախկինում արեգակնային բծերի ամենաբարձր միջին ամսական ցուցանիշը գրանցվել է 2002-ի սեպտեմբերին:

sun spots .jpeg (98 KB)

2023-ի հուլիսի 2-ին արևային բծերից մեկը արեգակնային հզոր բռնկում է առաջացրել, որը հանգեցրել է ռադիոկապի ժամանակավոր անջատման ԱՄՆ-ի արևմուտքում և Խաղաղ օվկիանոսում: Նման երևույթները մոտ ապագայում կարող են ավելի հաճախակի դառնալ, երբ արեգակնային ցիկլը մոտենա իր առավելագույնին:

Արեգակնային բծերի քանակի աճը հղի է ոչ միայն արևային բռնկումների, այլև կորոնային զանգվածի արտանետումների քանակի ավելացմամբ․ խոսքը լիցքավորված մասնիկների հզոր ժայթքումների մասին է, որոնք առաջացնում են արևային քամի:

Սա կարող է հանգեցնել Երկրի վրա տիեզերական եղանակի վատթարացման: Արեգակնային քամու ինտենսիվ պոռթկումները կարող են ներթափանցել Երկրի մագնիսական դաշտ և լիցքավորել մթնոլորտի մասնիկները՝ առաջացնելով բևեռափայլեր և լուրջ խնդիրներ ուղեծրում գտնվող էներգահամակարգերի և արբանյակների հետ:

Կոլորադոյի Բոլդերի համալսարանի Տիեզերական եղանակի տեխնոլոգիական կենտրոնի ֆիզիկոս Թոմ Բերգերը պատմել է, որ 2003-ին, արևային զանգվածային փոթորիկից հետո, արբանյակների օպերատորները մի քանի օրով կորցրել են կապը հարյուրավոր տիեզերական սարքերի հետ։ Նա հավելել է, որ դա պայմանավորված է մթնոլորտի վերին հատվածում գազի խտության ավելացմամբ, որտեղ տեղակայված են արբանյակների մեծ մասը և Միջազգային տիեզերակայանը։

Գիտնականը բացատրել է, որ երբ այս տարածաշրջանի նոսր գազը փոխազդում է արևային քամու հետ, մթնոլորտն ուռչում է, և արբանյակները շատ ավելի մեծ դիմադրության են ենթարկվում, քան հանգիստ տիեզերական եղանակին:

Բերգերի խոսքով՝ ամենաուժեղ փոթորիկների ժամանակ տիեզերական սարքերի հետագծման սխալներն այնքան զգալի են դառնում, որ ուղեծրային օբյեկտների կատալոգը գործնականում դառնում է անպետք: Նման մի շարք դեպքերում գիտնականները դիտվող օբյեկտները ֆիքսել են իրենց նախորդ դիրքից տասնյակ կիլոմետր հեռու գտնվող տարածքում։ Այս պարագայում միակ լուծումը դրանք ռադարի միջոցով հայտնաբերելն է։

Փորձագետները մտավախություն ունեն, որ քանզի արևային վերջին խոշոր փոթորիկից հետո արբանյակների և տիեզերական բեկորների թիվը Երկրի ուղեծրում աճում է, իրավիճակը կարող է հանգեցնել ուղեծրային քաոսի, որը կարող է տևել շաբաթներ: Այս ժամանակահատվածում տիեզերական աղբի հետ վտանգավոր բախումների վտանգը չափազանց բարձր կլինի՝ լրացուցիչ ռիսկ ստեղծելով արբանյակային օպերատորների համար։

Անցած փետրվարին տիեզերական եղանակի հետ կապված խնդիրների պատճառով SpaceX-ը 40 Starlink արբանյակ կորցրեց:

Այս երևույթը կարող է վնասել տիեզերանավերի էլեկտրոնիկան, խափանել GPS ազդանշանները և Երկրի վրա էլեկտրական ցանցերը։ NASA-ի ֆիզիկոս Ռոբերտ Լեմոնն ասել է, որ արևային ամենաուժեղ փոթորիկները ամենից հաճախ տեղի են ունենում արևային կենտ ցիկլերի անկման փուլում: Նրա կանխատեսմամբ՝ ամենաինտենսիվ իրադարձությունները տեղի կունենան 2025-2026 թվականներին։ Դա տեղի է ունենում յուրաքանչյուր 11 տարին մեկ, երբ Արեգակն ամբողջությամբ փոխում է իր մագնիսական դաշտի բևեռականությունը, այսինքն՝ հարավն ու հյուսիսը փոխվում են տեղերով: