ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կլեոպատրա» խաղատունը՝ թույլ տրված խախտումների համար 800 հազար դրամ տուգանքի է ենթարկվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կողմից: Վերջինս պարբերաբար ստուգումներ է իրականացնում խաղատներում: Ընդ որում՝ խախտումներից մեկը վերաբերել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի» օրենքի դրույթներից մեկին: Տեսչությունը խախտումներ է հայտնաբերել նաև «Սենատոր կազինո» և «Վով-Թել» խաղատներում, ինչի արդյուքնում առաջին ընկերությունը նախազգուշացում է ստացել, իսկ երկրորդը զրկվել է լիցենզիայից: Նշենք, որ Հայաստանում ներկայում գործում են խաղային բիզնես իրականացնող 65 ընկերություններ, որոնցից 50-ը շահումով խաղեր են կազմակերպում, 10-ը` խաղատներ են, 5-ը` վիճակախաղեր: Խաղատնային ոլորտի 10 ընկերություններից մեկն ունի 2 խաղատուն, այսինքն ընդհանուր առմամբ կա 11 խաղատուն։