«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 5-ին, նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վիկտոր Բիյագովը հետ կանչվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական եւ լիազոր ներկայացուցչի պաշտոնից եւ Նիդերլանդների Թագավորությունում նշանակվեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ։ Նրա նստավայրը Հաագայում է։ Այդ շրջանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ից դուրս գալու իր ցանկության մասին, եւ արդեն 1 ամիս է, ինչ Հայաստանը ներկայացուցիչ չի նշանակում ՀԱՊԿ-ում, ինչը խորացնում է այդ կասկածները։

ԱԳՆ-ից մեր հարցին ի պատասխան՝ ՀԱՊԿ-ում ներկայացուցիչ նշանակվե՞լ է, թե՞ ոչ, պատասխանեցին․ «Այս պահի դրությամբ՝ ոչ, երբ նշանակումը լինի, այդ մասին կտեղեկացնենք»։ ԱԳՆ խոսնակին հարցրինք՝ թեկնածո՞ւ չկա, թե՞ այլ պատճառ կա։ «Այս ընթացքում դեսպանների փոփոխություն էլի է տեղի ունեցել, ՀԱՊԿ-ում ներկայացուցիչը հետ է կանչվել, ինչպես մի քանի այլ տեղերից էլ, իսկ նոր նշանակման մասին կտեղեկացնենք, երբ լինի։ Ավել մեկնաբանություն այս պահին չունեմ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում