ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անքաղաքավարությունը պատճառ է դարձել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հրաժարվի գրկախառնությունից, տեղեկացրել է Hürriyet պարբերականը։

Ֆիդանի եւ Բլինքենի բանակցությունները տեղի են ունեցել երկուշաբթի Անկարայում։ Հանդիպման կադրերից երեւում է, թե ինչպես է ամուր ձեռքսեղմումից հետո Բլինքենը փորձել գրկախառնվել Ֆիդանի հետ՝ առաջ գալով, բայց Ֆիդանը հետ քայլ է կատարել եւ շարունակել սեղմել պետքարտուղարի ձեռքը։ Այս տեսարանը լայնորեն քննարկվում է թուրքական ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում։


Hürriyet-ի տվյալներով, երբ Բլինքենի մեքենան մոտեցել է Թուրքիայի ԱԳՆ շենքին, Ֆիդանը դուրս է եկել մեքենայից եւ կանգնել գերատեսչության դռան առջեւ, ինչպես արվում է յուրաքանչյուր ժամանող նախարարի համար։ Այդ ժամանակ հեռախոսով խոսող Բլինքենը մեքենայից դուրս չի եկել, եւ Ֆիդանը մտել է շենք։

«Ֆիդանը Բլինքենին ողջունել է՝ դիվանագիտական բավականաչափ քաղաքավարություն չդրսեւորելով եւ չի գրկախառնվել ԱՄՆ պետքարտուղարի հետ՝ չնայած վերջինի փորձին»,- գրել է պարբերականը։

Թուրքական ԶԼՄ-ները նաեւ ուշադրություն են դարձրել Անկարայում Բլինքենին դիմավորողների մեջ բարձրաստիճան պաշտոնյաների բացակայությանը։ ԶԼՄ-ները նշել են նաեւ, որ կառամատույցում նրա դիմավորումը չի լուսաբանվել։