«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ՔՊ-ն մտադիր է Գյումրու սցենարը գործի դնել, համայնքապետի ընտրությունն ավագանիում տապալելու միջոցով՝ հասնել նոր ընտրություններ անցկացնելու:


Այսպիսով՝ նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը, աղմկահարույց սպանության կենտրոնում հայտնվելուց հետո, հրաժարական է տվել: Խոսքը նոյեմբերի 16-ին Երեւանի 17-րդ թաղամասում տեղի ունեցած սպանության մասին է, որի ժամանակ հրազենային վնասվածք էր ստացել Երեւանի 42-ամյա բնակիչ Արթուր Մանուկյանը: Սպանության վայրում էր եղել եւ այս թեմային մասնակից էր նաեւ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Արյունոտ այս պատմությունից հետո ՔՊ-ական համայնքապետը հեռացավ պաշտոնից, եւ Փարաքարը ղեկավար չունի:


Փարաքարի ավագանին այսօր՝ նոյեմբերի 29-ին, նիստ կանի, որպեսզի որոշեն՝ երբ են համայնքապետ ընտրում: Եթե 14 օրում ավագանին իր կազմից համայնքապետ չընտրի, ապա արտահերթ ընտրություններ պետք է լինեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն մտադիր է ավագանու նիստին համայնքապետ չընտրել, որպեսզի նոր ընտրություններ լինեն:

Փարաքարում իր թեկնածուին է առաջադրելու նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունը: Մեզ հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ իրենց ավագանու անդամները ՔՊ-ի թեկնածուին որեւէ դեպքում չեն ընտրելու, իսկ իրենց թեկնածուն խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: