Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ «մի քիչ երկար է մնացել իշխանությունում»՝ կառավարիչների երիտասարդ սերունդ պատրաստելու համար։
«Ինչպես եւ խոստացել էի ձեզ, փաստորեն, նոր սերունդ է բերվել իշխանության, բայց ես մի փոքր երկար մնացի [իշխանությունում], բայց համբերատար եղեք, քանի որ պետք է լինեն փորձառու մարդիկ»,- ասել է Լուկաշենկոն Բելառուսի մայրաքաղաքում Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի բացման արարողության ժամանակ։ Այն հեռարձակել է «Առաջին տեղեկատվական» հեռուստաալիքը։
Նախագահը նշել է, որ պետք է նայել եւ եզրակացություն անել, թե «ինչի է ընդունակ մեր երիտասարդությունը»։ Նա նաեւ կոչ է արել համաքաղաքացիներին պրոֆեսիոնալ կերպով կատարել իրենց պարտականություններն աշխատավայրում։ «Ես ձեզնից ավելին ոչինչ չեմ պահանջում, մնացածը մենք կորոշենք՝ ամեն մեկն իր աշխատանքային տեղում։ Որպես նախագահ՝ ես կզբաղվեմ իմ հարցերով։ Կառավարությունը պատասխանատու է տնտեսության համար, [նախագահի] վարչակազմը՝ քաղաքականության, դիվանագիտության եւ այլնի համար։ Ամեն բան կարգավորված է, այդ մեքենան պետք է անխափան աշխատի»,- հայտնել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ իր առջեւ կանգնած են իսկական հայրենասերներ, «մարդիկ, որոնք սիրում են իրենց երկիրը, ցանկանում պահպանել իրենց երկիրը արդեն անգամ ոչ այնքան իրենց, որքան երեխաների համար»։ «Դե, մենք էլ դեռ ցանկանում ենք ապրել»,- ավելացրել է նա։