Այսօր Հռոմի Պապ Ֆրանցիսկը դառնում է 77 տարեկան: Հռոմա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդին շնորհավորական ուղերձներ են հղել աշխարհի տարբեր պետություններից` ինչպես պետությունների ղեկավարներից, այնպես էլ հասարակ հավատացյալներից:

Խորխե Մարիո Բերգոլիոն ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 17-ին իտալացի էմիգրանտների ընտանիքում Բուենոս-Այրեսում: 2013 թվականի մարտի 13-ին Բենեդիկտոս XVI-ի հրաժարականից հետո նա ընտրվել է թվով 266-րդ պոնտիֆիկոս և վերցրել է իրեն Ֆրանցիսկ խորհրդանշական անունը Ֆրանցիսկ Ասիզեցու պատվին: Նա դարձավ պատմության մեջ առաջին Պապը Լատինական Ամերիկայից և 1200 տարվա մեջ առաջին ոչ եվրոպացի Հռոմի Պապը: 

Կարդինալ Բերգոլիոն աչքի է ընկնում իր համեստության և սոցիալական արդարությանը նվիրված իր աշխատանքով: Բուենոս Այրեսում, արդեն ապագա արքեպիսկոպոս, նա ապրել է փոքրիկ բնակարանում, հրաժարվել անձնական լիմուզինից, երթևեկել հասարակական տրանսպորտով և ինքն իր համար ճաշ պատրաստել:

Նա այդպիսի կենսակերպը շարունակել է նաև Վատիկան տեղափոխվելուց հետո: Ֆրանցիսկը հրաժարվել է տեղափոխվել Հռոմի Պապի համար նախատեսված պալատ և շարունակում է ապրել Վատիկանի «Սուրբ Մարֆայի Տուն» հյուրանոցում, որը ժամանակին կառուցվել է կարդինալներին ընդունելու համար:

Սակայն Հռոմի Պապ Ֆրանցիսկի գլխավոր արժանիքը միայն դրանում չի կայանում: Յուրաքանչյուր շաբաթ նրա կողմից կազմակերպվող ընդհանուր ժողովների ժամանակ Սուրբ Պետրոս հրապարակում հավաքվում է 10 հազար մարդ, իսկ Սուրբ ծննդյան շրջանում նրանց թիվը կարող է հասնել 100-150 հազարի: Իր ժողովրդականության համար The Time պարբերականը Հռոմի Պապ Ֆրանցիսկին ճանաչել է 2013 թվականի տարվա մարդ: Անցած տարվա ընթացքում պոնտիֆիկոսը համաշխարհային լրատվամիջոցներում ավելի շատ է հիշատակվել, քան Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: