Պարզվել է, որ Երեւանի Բաբաջանյան փողոցի 108/7 հասցեում գործող խանութի մոտ մեկ ամիս առաջ կրակոցներ արձակելու մեջ կասկածվողը հայտնի քրեական հեղինակություն եզդի Ճակոյի եղբոր տղան է:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշով, եւ որպես մեղադրյալ է ներգրավվել Երեւան քաղաքի բնակիչ 25-ամյա Խդր Ամոյանը, ով ստորագրությամբ ազատ է արձակվել, բնակության վայրից չհեռանալու պայմանով:

Խդր Ամոյանն աշխատում է «ԳԻՄԱՍ» ՍՊԸ-ում որպես հերթափոխի պետ:

Նշենք, որ հունիսի 21-ին, ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Բաբաջանյան փողոցի 108/7 հասցեում գործող խանութի մոտ կրակոցներ են հնչել: Ժամը 14:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել են, որ «գլխի հրազենային վնասվածք» աշխոտրոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Դեպքից ժամեր անց ոստիկանություն է ներկայացել 25-ամյա Խդր Ամոյանը եւ խոստովանել, որ ինքն է վիճաբանության ժամանակ ծեծի ենթարկել եղբայրներին, որի ընթացքում էլ իր մոտ եղած գազային ատրճանակով կրակոցներ է արձակել:

Պարզվել է, որ հրազենային վնասվածք ստացողը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 23-ամյա Արման Հովսեփյանն է: Նա հենց դեպքի օրը դուրս է գրվել հիվանդանոցից, քանի որ չի ցանկացել մնալ: