Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, «ՍԱՍ գրուպ» ընկերության հիմնադիր Արտակ Սարգսյանը արդար է համարում, որ ՀՔԾ-ում կարժվել է «ՍԱՍ»-ի հայտնի ձայնագրության փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին նա նշել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ես չեմ այդպես կարծում, քննչական մարմիններն են կարծում»,-նշեց նա:

Լրագրողների հարցերի մեծ մասին նա չէր պատասխանում եւ քայլում էր դեպի ԱԺ մուտքը. «Մինչեւ մեքենա կուղեկցեք չէ՞ ինձ»,-ասաց նա:

«Ինչ ասում են, սաղ սուտ ա»,-ասաց Արտակ Սարգսյանը:

Դիտարկմանը, թե այսինքն ձայնագրություն չի՞ եղել, դա եւս կեղծի՞ք է, նա արձագանքեց. «Բոլորը սուտ է»:

Նա նաեւ հերքեց, որ իր կողմից ճնշումներ են եղել նախաքննական մարմնի վրա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Hayastan24 կայքը հրապարակել է «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը: Դրանում վարողը աշխատակիցներին պարտադրում է ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին՝ խոստանալով, որ շատ ձայներ բերողները կպարգեւատրվեն, իսկ չբերողները ընդհուպ կհեռացվեն աշխատանքից:

Ըստ մամուլի տեղեկությունների վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը: