Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը շարունակում է ոչ վարակիչ հիվանդությունների՝ զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման (սքրինինգի) ուղղությամբ մեծածավալ ծրագրերի իրականացումը։


Սկրինինգային ծրագիրը իր մեջ ներառում է պարզ թվացող, բայց միևնույն ժամանակ չափազանց կարևոր հետազոտություններ, որոնց արդյունքներով պարզ է դառնում հասարակության շրջանում հիվանդացության մակարդակը և ավելի դյուրին և հասանելի է դարձնում վաղ ախտորոշումը և հետագա բուժումը: Զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային հետազոտությունները կատարվում են ՀՀ առողջապահության նախարարության առողջության առաջնային պահպանման օղակի բուժհիմնարկներում՝ քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիանաերում, լիովին ԱՆՎՃԱՐ հիմունքներով, իսկ այն բնակավայրերում, օրինակ` գյուղական, որտեղ ՊԱՊ թեստի իրականացումը հնարավոր չէ, սքրինինգն իրականացվելու է տարածաշրջանային սկզբունքով, այսինքն՝ կանանց կոնսուլտացիայի կողմից կցված մանկաբարձ-գինեկոլոգի կողմից: Նշենք, որ բժիշկների արդյունավետ աշխատանքի համար նախարարությունը խրախուսական վարձատրություն է նախատեսել: Խրախուսվելու են այն բժիշկները, որոնք սքրինինգի իրականացման ընթացքում կհատեն սահմանված շեմի նվազագույն սահմանը:


Ինչ է իրենից ներկայացնում արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգ հետազոտությունը
ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է վերոնշյալ սքրինինգ հետազոտությունում ընդգրկել 30-60 տարեկան կանանց: Հետազոտությունը կատարվելու է Պապ թեստի հետազոտության միջոցով և, եթե այդ հետազոտության ընթացքում որևէ շեղում հայտնաբերվի, դա դեռ չի նշանակում, որ կինն այդ պահին արդեն ունի քաղցկեղ, բայց նա ունի մեծ ռիսկ` առաջիկա 10 տարիների ընթացքում այն ունենալու` ինչը նշանակում է, որ կինը պետք է լինի բժիշկների շարունակական հսկողության տակ: Վաղ հայտնաբերման դեպքում արգանդի պարանոցի քաղցկեղը կարելի է կանխարգելել, և հնարավոր է կնոջը լիովին բուժել:
Ըստ վիճակագրական տվյալների` վերջին տասնամյակի ընթացքում աշխարհի մի շարք զարգացող երկրների փորձը ցույց է տվել, որ ճիշտ կազմակերպված սկրինինգային հետազոտությունների շնորհիվ հնարավոր է նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի նոր դեպքերի թիվն ու մահացությունն 80 տոկոսով: Սա այն արդյունքն է, որը հետագա տարիներում բերելու է հիվանդության իսպառ վերացմանը:


Արգանդի պարանոցի քաղցկեղը զարգանում է շատ դանդաղ, 5-10 տարվա ընթացքում, ինչը հնարավորություն է տալիս ճիշտ կազմակերպել սքրինինգային հետազոտությունները և հայտնաբերել հիվանդությունը քաղցկեղի զարգացումից շատ ավելի շուտ, և լիովին այն կանխարգելել ու բուժել: Արգանդի պարանոցի քաղցկեղը մեր երկրում ամենատարածված կանացի քաղցկեղային հիվանդություններից է և այն հիմնականում հանդիպում է միջին տարիքի` 35-55 տարեկան կանանց շրջանում:
«Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» ներկայացրած վիճակագրության համաձայն` նոր դեպքերի 57%-ը հայտնաբերվում են հիվանդության արդեն իսկ 3-րդ, 4-րդ զարգացման փուլերում, երբ ապրելիության ցուցանիշները ցածր են:


Արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգ ծրագիրը բաղկացած է մի քանի փուլերից: Հանրային իրազեկում՝ ԶԼՄ-ների, գովազդային հոլովակների և այլ տեղեկատվական նյութերի միջոցով, հանրապետության փորձառու, գլխավոր մասնագետների կարծիքների ներառմամբ ազգային ուղեցույցների մշակում, որոնք հիմնված կլինեն ապացուցողական բժշկության նորագույն տվյալների վրա:


Ծրագրի գլխավոր բաղադրիչներից է նաև առողջապահության առաջնային օղակում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգների, ընտանեկան բժիշկների, բուժքույրերի, բջջաբանների կարճաժամկետ դասընթացները: Առաջնային օղակի մասնագետների վերապատրաստումը կատարվում է՝ Պապ թեստի իրականացման, ինչպես նաև արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման և գործընթացի վարման վերաբերյալ:


Պապ թեստը բջջաբանական հետազոտություն է, որի ժամանակ հնարավոր է հայտնաբերել նախաքաղցկեղային վիճակները և այն հայտնաբերելուց հետո՝ լիովին բուժել. «Քանի որ հիվանդությունը հիմնականում զարգանում է 20 տարեկանից բարձր կանանց շրջանում, և քաղցկեղի զարգացումը տեղի է ունենում շատ դանդաղ՝ 5-10 տարվա ընթացքում, այդ իսկ պատճառով նպատակահարմար է ընդգրկել 30-60 տարիքի կանանց, իսկ հետազոտման հաճախականությունը՝ երեք տարին մեկ անգամ, քանի որ երեք տարին մեկ անգամ իրականացվող սքրինինգը նույնքան արդյունավետ է, որքան ամեն տարի` նվազեցնելով հիվանդության ռիսկը գրեթե նույն տոկոսով»:


Արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգ միջոցառումները ԱՆՎՃԱՐ են, և կանանց կոչ է արվում` անպայման հետազոտվել, քանի որ նախաքաղցկեղային վիճակում կնոջ մոտ հիվանդության ոչ մի կլինիկական արտահայտումներ չեն լինում, և կինն իրեն պրակտիկորեն առողջ է զգում: Սակայն հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում այն լիովին կանխարգելվում և բուժվում է: Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=28330&l=am