Lragir.am-ը գրում է.

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն այցելել է պաշտպանության նախարարություն եւ հանդիպել նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Հանդիպմանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են զինված ուժերի ոլորտում հայ-ամերիկյան գործակցության անցնող տարին ու 2018-ի հեռանկարները: Դեսպանի ու նախարարի հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ զինուժի արդիականացման յոթնամյա ծրագրին, որի մասին հոկտեմբերին հայտարարել էր Սերժ Սարգսյանն ու որի նախագիծը օրերս ներկայացվել էր նրան ՊՆ-ում:
Ռիչարդ Միլզի այցը Վիգեն Սարգսյանին տեղի է ունենում ուշագրավ պահի, երբ Սարգսյանը իր մի նախաձեռնությամբ հայտնվեց հանրային-տեղեկատվական գրոհի ներքո: Խոսքը վիրավոր զինծառայողի համար ժողովրդական հանգանակության նախաձեռնության մասին է, որ Վիգեն Սարգսյանն արեց իր ֆեյսբուքյան էջում եւ որը դարձավ բուռն քննարկումների առարկա, հանգելով ընդհուպ նախարարի եւ ֆեյսբուքյան մեկնաբանություն արած օգտատիրոջ միջեւ փոխադարձ սուր բնորոշումների:
Այդ ֆոնին, ԱՄՆ դեսպանի այցը ՊՆ գործնականում ստանում է Վիգեն Սարգսյանին ցուցաբերված բարոյա-քաղաքական աջակցության նշանակություն: Հազիվ թե դեսպանը չպատկերացներ այցի ուղղակի թե անուղղակի այդ նշանակությունը, երբ հենց այս պահին գնում էր ՊՆ: Սակայն այստեղ իրավիճակը գուցե ավելի ուշագրավ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Ըստ ամենայնի, Ռիչարդ Միլզը Վիգեն Սարգսյանին աջակցություն ենթադրող այդ քայլին գնում է նրան ոչ թե հանրային ընդդիմախոսությունից պաշտպանելու, այլ թերեւս այդ ընդդիմախոսությունը Վիգեն Սարգսյանի դեմ օգտագործելու որոշակի արդեն քաղաքական եւ ավելին՝ ներիշխանական իրողություններից:
Ավելին, հատկանշական է, որ դեսպանը գործնականում «փոխում» է թեման, Վիգեն Սարգսյանի հետ քննարկելով բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը, դրան աջակցելու գործընկերային հնարավորությունը:
Այստեղ իրավիճակը էլ ավելի բազմաշերտ է: Ընդ որում, այն լիովին ներդաշնակ է թվում իրավիճակային այն թեժ խնդրին, որում հայտնվեց Վիգեն Սարգսյանն իր նախաձեռնությամբ:
Ի վերջո, գուցե նրա հասցեին քննադատության տողատակերում նշմարվում էին տարբեր շահառու ականջներ, սակայն հանրային ընդդիմախոսությունը պետք է արժանանա ուշադրության, քանի որ իրավիճակն ու պահը իսկապես նուրբ են: Այստեղ առանցքային խնդիրն այն է, որ հայկական զինված ուժերի սոցիալական եւ ռազմա-տեխնիկական կարիքները ահռելի են եւ անընդհատ աճող: Անկասկած է, որ դրանց լուծման էֆեկտիվությունն առկա ռեսուրսներով շատ ավելի բարձր կլինի, եթե շատ ավելի արդյունավետ տնօրինվի եղած փողը, չմսխվի, չդառնա կոռուպցիայի բաժին:
Մյուս կողմից, սակայն, կա սկզբունքային հարց. Հայաստանը գտնվում է պարտադրված պատերազմի ռեժիմում, որտեղ մարտահրավերներն անկասկած պահանջում են անհամեմատ ավելի ռեսուրսներ, քան պարզապես բյուջետային հնարավորությունները, անգամ զգալիորեն էֆեկտիվ կառավարման դեպքում: Ըստ այդմ, գործնականում անխուսափելի է դառնում բանակի կարիքները բավարարելու հավելյալ մեխանիզմների անհրաժեշտությունը: Դրանք պետք է մի կողմից լինեն շատ հստակ ու թափանցիկ, մյուս կողմից ուղեկցվեն նաեւ բանակի ղեկավարության համոզիչ եւ օրինակելի վարքով՝ կենցաղից մինչեւ պաշտոնեական գործունեություն:
Սա հարցերի համալիր խնդիր է, որն անկասկած պետք է լինի արդիականացման յոթնամյա ծրագրի կարեւոր բաժիններից մեկը: Այս տեսանկյունից, ԱՄՆ դեսպանի այցը մի կողմից ուղղակի թե անուղղակի լինելով աջակցություն պաշտպանության նախարարին, մյուս կողմից նաեւ ակնարկ է, որ խնդիրներն այդուհանդերձ պահանջում են համակարգային եւ ինստիտուցիոնալ լուծում՝ հանրային բարձր լեգիտիմություն ունենալու համար:
Ավելի լայն իմաստով, բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը գործնականում լինելու է Հայաստանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության յուրօրինակ հայեցակարգ կամ ճանապարհային քարտեզ, եւ այդ իմաստով այն լինելու է ոչ միայն ԱՄՆ ուշադրության կենտրոնում:
Խոշոր հաշվով, այն պետք է լինի արագ փոխվող, աճող մարտահրավերների, միեւնույն ժամանակ նաեւ նոր հնարավորությունների աշխարհում Հայաստանի առավելապես միակենտրոն անվտանգության համակարգից դեպի բազմավեկտոր նոր համակարգի եւ քաղաքականության անցման բազային փաստաթուղթ, որը նաեւ դե ֆակտո այդպիսին է լինելու տարածաշրջանի իմաստով: Պատճառն այն է, որ Կովկասի անվտանգության առանցքում հայկական զինուժն է, նա այդ առանցքում ամրապնդվել է 2016-ի ապրիլյան պատերազմի ընթացքում, եւ ներկայում խնդիրը տարածաշրջանային անվտանգության իմաստով պարզ է՝ պետք է համադրվեն Կովկասով հետաքրքրված աշխարհքաղաքական ուժային կենտրոնների շահերը: Հայկական զինուժի արդիականացման յոթնամյա ծրագիրը ըստ էության պետք է լինի նաեւ դրա ճանապարհային քարտեզ:
Այդ ծրագիրը գործնականում Կովկասի անվտանգության համակարգի արդիականացման ծրագիրն է:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am